ԿարևորՀասարակություն

Նաիրիտցիները կրկին պահանջում են իրենց աշխատավարձները (լրացված)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այսօր առավոտից կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացրել, ապա շարժվել են նախագահական նստավայր՝ անձամբ նախագահից պահանջելու իրենց չվճարված  շուրջ մեկ տարվա աշխատավարձերը։

Նրանք վերջին անգամ աշխատավարձ են ստացել այս տարվա մարտի յոթին՝ 2012թ ապրիլի աշխատավարձը: Նաիրիտցիները վաղը՝ ապրիլի 30-ին կրկին աշխատավարձ կստանան՝ արդեն 2012-ի մայիսի աշխատավարձը: Գործարանի աշխատակիցների համար արդեն սովորական է դարձել՝ նախորդ տարվա չվճարված աշխատավարձերը ստանալ բողոքի  ակցիաներից հետո միայն: Նաիրիտցիները դժվարանում են հիշել, թե իրենց գործարանը վերջին անգամ երբ է նորմալ, ողջ հզորությամբ  աշխատել։

Կառավարությունում այսօր նրանց խոստացել էին մի քանի օրվա ընթացքում երկու ամսվա աշխատավարձ վճարել:   Նախագահի նստավայրի մոտ հավաքվածներից հինգը շենք մտան, շուրջ երեսուն րոպե հետո  դուրս եկան, ասացին, թե  իրենց ով էր ընդունել, հետո նաև զրույցի մանրամասները փոխանցեցին։

«Մեզ ընդունեց նախագահի ապարատի վերահսկողության բաժնի ղեկավարը։ Մարդը ռեալ մեզ խոստացավ, վաղը ստանում եք մի աշխատավարձ, քսան օր հետո երկրորդ աշխատավարձն եք ստանում։ Բանակցությունների համար նույնը ասաց, ինչ-որ ասել էին կառավարությունում։ Դրական փոփոխություններ են գնում,  երեք ամիս հետո դրական լուր կստանանք բոլորս միասին։ Եթե գործարանը փակվելու լիներ, ապա այս երեք տարվա մեջ շատ շուտ կփակվեր: Բոլորիս անհրաժեշտ է, որ «Նաիրիտը» աշխատի»,- ասացին նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ հանդիպողները։

Back to top button