ԿարևորՔաղաքական

Մարտիմեկյան հանձնաժողովի հարցով քվեարկությունը հետաձգվեց

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդեն ավանդույթի համաձայն այս քառօրյայի մեկնարկին ևս խոսեց հայ- թուրքական արձանագրությունների մասին. հիշեցրեց, որ օրերս նշում էինք Ցեղասպանության 98-ամյա տարելիցը, հետաքրքրվեց , թե ինչու   են  արձանագրուրթյունները մինչ այժմ  ԱԺ մեծ օրակարգում:
Եվ կրկին ավանդույթի համաձայն՝  Հովիկ Աբրահամյանից ստացավ նույն  պատասխանը. հարցը ոչ թե Ազգային ժողովի, այլ հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է: Այս անգամ պարզապես, ի տարբերություն նախորդ դեպքերի, Փոստանջյանն Աբրահամյանին հորդորեց քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

«Պետք է նախանձախնդիր լինեիք, որ արձանագրությունները ԱԺ չմտնեին, իսկ եթե մտել են, ապա որպես հայ և ԱԺ  նախագահ կարող  եք  ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպել, դեմ արտահայտվել դրանց»։

Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ ավելի լավ հորդոր Փոստանջյանից չէր էլ սպասում: Հավելեց, որ իր կարծիքով արձանագրությունների վավերացումը մեծ առաջընթաց կարող էր ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Այս առումով լրացում ուներ նաև  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Հայ -թուրքական արձանագրությունները բացառիկ դրական նշանակություն ունեցան ՀՀ դիրքը միջազգային ասպարեզում հզորացնելու գործում»:

Գեղամյանի այս դիտարկմանն արձագանքելու կարիք էլ տեսան ՀՅԴ պատգամավորներից  նախ՝ Արծվիկ Մինասյանը, ապա՝ Աղվան Վարդանյանը:

«Այդ արձանագրությունները ակնհայտորեն նախապայմաններ էին պարունակում, և այդ մասին տեղյակ է ամբողջ հասարակությունը: Բարձր կամ վստահ խոսելով՝ այդ նախապայմանները չեն վերանում»:

Հայ-թուրքական արձանագրությունների թեման այսքանով այս քառօրյայի ընթացքում ավարտվեց: Շարունակությունն արդեն այլ հարցի շրջանակում էր, որի քննարկումը խորհրդարանը սկսել էր դեռ նախորդ քառօրյայի ընթացքում:
Մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղեծոլու մասին ՀԱԿ պատգամավորների հեղինակած նախագիծը քննարկման առարկա է դեռ նախորդ տարեվերջից: Հարցն արդեն քննարկվում է նիստերի դահլիճում և վաղն արդեն պետք է քվեարակության դրվեր։
Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, առաջարկեց չշտապել և հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա:

«Կարծում ենք՝ դեռ քննարկման խնդիրներ ունենք մինչև օրինագիծը բոլոր կողմերի համար ընդունելի դառնա»։

Գալուստ Սահակյանն ասաց, որ մեծամասնության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավորների հետ քննարկում են ունեցել  և նախորդ շաբաթ, և երեկ, և այսօր ՝ քառօրյա նիստերից առաջ: Այդ քննարկումները, ըստ Սահակյանի, հերքում են  մտավախությունը, թե ՀՀԿ- ն շահագրգիռ չէ հանձնաժողովի ստեղծման հարցում:

«Այն թյուր կարծիքը, որ այս ընթացքում անընդհատ խոսակցություն էր գնում, թե Հանրապետականը չի ուզում, թվացյալ է: Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու և, բնականաբար, քննարկումներն էլ հենց դրանից են բխում»:

Քննարկելու նյութ, պարզվում է դեռ կա: Թե ինչ հարցերի շուրջ, Գալուստ Սահակյանը չմանրամասնեց: Փոխարենն այդ մասին խոսեց նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը: Նա ասաց, որ մեծամասնությունը 7 առաջարկ է ներկայացրել: Դրանց հիմնական մասը հեղինակների համար ընդունելի է, բայց կան նաև անընդունելի առաջարկներ:

Խոսքը մասնավորապես հետևյալի մասին է: Որոշման նախագիծն ամրագրում է, որ  հանձնաժողովը կարող է որոշում կայացնել  պաշտոնատար անձանց հրավիրելու մասին նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով: Մեծամասնությունն առաջարկում է հստակեցնել, թե որ պաշտոնատար անձանց կարող է հրավիրել հանձնաժողովը:
ՀԱԿ պատգամավորները համաձայն են Հանրապետականի առաջարկին, որ  դատավորներին ու դատախազներին հանձնաժողովը չի կարող հրավիրել: Բայց համաձայն չէ առաջարկության շարունակությանը, այն է՝  քրեական գործի վարույթին  մասնակցող կամ  մասնակցած  քննիչներն ու հետաքննիչները հանձնաժողովին պարզաբանումներ կարող են ներկայացնել միայն սեփական նախաձեռնությամբ։
Գագիկ Ջհանգիրյանը սա անընդունելի առաջարկ է համարում, «որովհետև դուք շատ լավ հասկանում եք, որ այդ բոլոր քննիչները միասնական ենթակայության տակ գտնվող ծառայության մեջ են: Այդ դեպքում՝ դուք հանձնաժողովին զրկում եք նրանցից որևէ պատսախան ստանալու հնարավորությունից»:

Գագիկ Ջհանգիրյանը, այդուհանդերձ, համաձայն էր հարցի քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա հետաձգելու ՀՀԿ առաջարկին:

Եթե չհաջողվի համաձայնության գալ կողմերի համար փաստորեն սկզբունքային այս հարցի շուրջ, ապա արդյո՞ք կտապալվի մարտիմեկյան հանձնաժողովի ստեղծման հարցը, հետաքրքվեցինք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից։

«Ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը տեսականորեն պատշաճ աշխատելու հնարավորություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ լիներ ամբողջական փոխըմբռնում: Եթե չլինի  այդ փոխընբռնումը, հանձնաժողովի աշխատանքն ի սկզբանե  դատապարտված է: Ես այս մասին խոսել եմ հանձնաժողովի առաջին նիստում: Նաև ասել եմ մեկ ուրիշ բան. անկախ այն բանից, կհաջողվի այս հանձնաժողովի գործունեությունը, թե՝ ոչ, մի պահ Հայաստանում լինելու է հանձնաժողով, որին հանրությունը վստահելու է: Կլինի դա այսօր՝ շատ լավ, չի լինի այսօր, կլինի վաղը, 5 կամ 10 տարի հետո»։

Ցուցադրել ավելի
Back to top button