ԿարևորՀասարակություն

ԱՆ.Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակն արդեն հանգիստ է

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակն արդեն հանգիստ է: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը կտրուկ նվազել է, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի դադարեցվի մոնիթորինգը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Մշտադիտարկումն էլ, ըստ նրա, արդեն իրականացնում է ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` գրիպի A ենթատեսակ համարվող H7N9 վարակով Չինաստանում ապրիլի 25-ի դրությամբ 109 լաբորատոր հաստատված հիվանդ կա: Նրանցից 22-ի մոտ վարակը մահվան ելք է ունեցել: «Մահվան հիմնական պատճառը ծանր, անսովոր բարդացած կլինիկական պատկերով թոքաբորբերն են: Գրիպի այս ենթատեսակը բնորոշ է թռչուններին, բայց այս հարուցիչը, թռչնային պատնեշը հաղթահարելով, սկսել է արձանագրվել նաև մարդկանց մոտ, իսկ մարդու օրգանիզմն էլ ծանոթ չէ նոր հարուցիչին ու դիմագրավելու պատրաստ չէ»,- պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ մարդուց մարդու վարակման դեպքեր դեռ բացահայտված չեն, սակայն կա նման մտավախություն:

Այս մտավախությունները, սակայն, Հայաստանի համար մասնագետն առանձնապես արդի չի համարում: Գրիպի H7N9 ենթատեսակով վարակի դեպք մեր հանրապետությունում չկա: Սակայն սահմանային անցակետերում էլ որևէ սահմանափակող միջոցառում չի իրականացվում: Հայաստանում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների 4000 դեպք, ինչն արդեն նորմայի սահմաններում է: Եղանակային տաքացումները, ինչպես եւ սպասվում էր, ճնշել են ավանդաբար հոկտեմբերի սկզբից ի վեր ակտիվացող գրիպի հարուցիչը: Արդյունքում, շաբաթական դիտարկման արդյունքներով, շնչառական բնույթի հիվանդացությունը բավական նվազել է: Այս շրջանում եղանակը բավական փոփոխական է, առաջիկայում դեռ հնարավոր է ջերմաստիճանն իջնի, ուստի մասնագետն ընդգծում է` հարկ է դեռ զգույշ լինել, իսկ գրիպով և սուր շնչառական վարակներով, այնուամենայնիվ, վարակվելիս ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button