Մշակույթ

Ալկիս Ռաֆտիս. Չլինելով հայ` նույնպես ուզում ենք պարել ձեր պարերը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Պարը ժողովրդական արվեստի ամենահին արտահայտություններից է: Այն սկզբում անխզելիորեն կապված է եղել խոսքի և երգի հետ, հետո նոր հետզհետե ձեռք է բերել ինքնուրույնություն: Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ավանդական պարային լեզուն:

Հայկական ազգային և ժողովրդական պարերը շրջել են աշխարհով մեկ, և մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ ներկայանալի մեր պարարվեստով ամենահեղինակավոր բեմերում տարիներ շարունակ ստիպել ենք հանդիսատեսին ծափահարել:
Պարը որպես ինքնադրսևորման միջոց այնպես է արմատվել ժողովուրդների մեջ, որ անգամ իր արժանի միջազգային տոնն ունի օրացույցում: Այսօր Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը մեկ հարկի տակ էր հավաքել պարասեր հասարակությանը` միասին նշելու պարի միջազգային օրը:

Հայկական ազգային պարարվեստն իր ուրույն ոճն ու ձեռագիրն ունի, որի անաղարտության վերականգնման ու պահպանման գործին նվիրված շատ ու շատ մասնագետներ ենք ունեցել։ Նրանցից է նաև «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր Բորիս Գեւորգյանը։ Այսօր արդեն նրա որդին՝ Կարենն է կանգնած կոլեկտիվի ղեկավարման վահանակի մոտ։
Հայկական ժողովրդական պարերի հավաքագրման և մշակման գործընթացը կատարվել է  20-րդ դարասկզբին պարարվեստի մեծ երախտավոր Սրբուհի Լիսիցյանի կողմից:  Այսօր արդեն պարուսույցների սեղանի  է նրա 1957 թվականին հրատարակած «Հայ ժողովրդի  հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» առաջին հատորի  հայերեն թարգմանությունը` Կարեն Գևորգյանի խմբագրությամբ:
Հանրապետության 120 դպրոցներում այսօր կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների  նախաձեռնությամբ ուսուցանվելու է հայկական ժողովրդական «Քոչարին»։
Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը զարմացած է, թե ինչպես են հայերը նշում միջազգայի այս օրը: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռաֆտիսն ասել է, որ Հայաստանում անելիքներ չունեն, Հայաստանի օրինակին պետք է հետևեն աշխարհի շատ ու շատ երկրներ։

«Մենք նախատեսում ենք արտահանել հայկական պարը: Հայկական պարը չափազանց լավ ու գրավիչ է, որ լինի միայն ՀՀ տարածքում։ Մենք չլինելով հայ` նույնպես ուզում ենք պարել ձեր պարերը: Եկեք մեր երկիր և ցույց տվեք մեզ այն ոչ միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ: Մենք կուզենայինք ունենալ հայական պարի դասընթացներ»։

Պարի միջազգային խորհրդի նախագահի խոսքով` հայկական պարը պետք է մոդայիկ դարձնել աշխարհում: Այսօր Ալկիս Ռաֆտիսի կողմից Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնին հանձնվեց  պարի միջազգային խորհրդի լիիրավ անդամության հավաստագիրը: 2014 թվականին նախատեսվում է Պարի համաշխարհային կոնգրեսն անցկացնել Երևանում:

Back to top button