Հասարակություն

Ցրտահարությունը վնասել է բերքը, սակայն այն դեռ կարելի է փրկել

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի մի շարք համայնքեր տուժել են ապրիլի 23-ին և 24-ին ջերմաստիճանի  կտրուկ նվազումից:  Ցրտահարվել են հիմնականում բանջարանոցային բույսերը։
Վաղարշապատի տարածքի 29 համայնքի գյուղացիական տնտեսությունները, որոնք տարիներ ի վեր մասնագիտացած են բանջարանոցային մշակաբույսերի արտադրության մեջ, ապրիլի 24-ի գիշերվա ցրտահարությունից անակնկալի եկան:  Արմավիրի մարզի օդերևութաբանական կայանի տվյալներով՝  ապրիլի 23-ի  լույս 24-ի գիշերը  օդի ջերմաստիճանը նվազել է  0-ից  մինչեւ 3 աստիճան:
Սա արդեն լուրջ վտանգ է սպառնացել այն բանջարանոցային բույսերին, որոնք գտնվել են բաց  գրունտի ցանքատարածություններում կամ այսպես ասած`դաշտերում:
Հաջորդ  գիշերվա ցուրտը ` մինչև -1,5 աստիճան,  կրկնապատկեց  վնասը:  Արմավիրի մարզպետարանի գյուատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ համայնքերում ձևավորված մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված են  գյուղապետարանների աշխատակազմերն ու ավագանու անդամները:  Հիմնականում վնասվել են  սեղանի Ճակնդեղի, դդմիկի, կարտոֆիլի, լոբու ցանքատարածությունները և խաղողի վազերը:
Ցրտահարության հաջորդ օրը գյուղնախարարությունը զգուշացրեց կրկնակի սպասվող ցրտահարության մասին, որը հնարավոր էր մասամբ պաշտպանել ծխահարության ձևով` ուշադրություն դարձնելով քամու ուղղությանը: Արմավիրի մարզի  3 տարածքների Բաղրամյանի, Արմավիրի և Վաղարշապատի համայնքներում վնասվել են նաև խաղողի վազերը:

Հնարավո՞ր է արդյոք վերականգնել ցրտահարված մշակաբույսերի վերարտադրությունը. Գյուղատնտեսության աջակցության  Արմավիրի մարզային կենտրոնի տնօրեն Լյովա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս ոռոգել և  սնուցել ցրտահարված բույսերն ու խաղողի վազերը: Նա հույս հայտնեց, որ վնասը, բացառությամբ լոբուց և կարտոֆիլից, այնքան էլ մեծ չի լինի և հնարավոր է վերականգնել բույսի վերարտադրողականությունը:
Ցրտահարության վնասներն արձանագրելուց հետո, ինչպիսի պետական աջակցություն կլինի տուժած գյուղացիական տնտեսություններին` առայժմ դժվար է ասել, սակայն պետք է նշեմ, որ գյուղացիական տնտեսությունները հողի մշակության համար տարբեր բանկերից ու վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել և  ներդրել գյուղատնտեսության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button