Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարարի մոսկովյան այցն ավարտվեց դիվանագետների հետ հանդիպումով

Ապրիլի 26-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթ ունեցավ Մոսկվայում հավատարմագրված դեսպանների, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների,  եվրոպական, ամերիկյան, ասիական, արաբական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին բազմաթիվ հարցերի։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովի հետ։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց արդեն քսան տարի հայ դիվանագետներին Ակադեմիայում պատրաստելու համար՝ նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներից շատերը դարձել են դեսպաններ և տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Եվգենի Բաժանովը  պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև։

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ երկրների դեսպանների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների բազմաթիվ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՈ), ուր բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ քննարկեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՄԳԻՄՈ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարը և ՄԳԻՄՈ-ի ռեկտորը ներկա գտնվեցին բուհի հայ շրջանավարտների ակումբի շնորհանդեսին: Ողջունելով ակումբի հիմնադրման նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող խմբին և կարևորեց նման կառույցի ստեղծումը, որը միավորելու է տարբեր տարիներին ՄԳԻՄՈ-ն ավարտած հայազգի շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ այդ կառույցը կնպաստի հայ-ռուսական կապերի առավել ամրապնդմանը:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Նույն օրը երեկոյան ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձավ Երևան։

Ցուցադրել ավելի
Back to top button