Հասարակություն

Համաժողովը միավորեց հայ երիտասարդների ներուժը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ապրիլի 22-24 Երևանում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական եռօրյա համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրներից:

Առաջին հերթին համաժողովը թույլ տվեց միավորել տարբեր երկրներում ապրող և ակտիվ հայանպաստ գործունեություն ծավալող հայ երիտասարդների ներուժը, ամփոփելով հավաքի արդյունքները ասաց Սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը։

Ըստ փոխնախարարի՝ այս միավորումից շահում է ամբողջ հայությունը, ինչը հատկապես կարևոր է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ կատարվելիք աշխատանքների համատեքստում:

Ինչպես վկայում է համաժողովի խորագիրը, ուշադրության կենտրոնում էր նաև հայոց լեզվի պահպանման հիմնախնդիրը: Փոխնախարարը ցավով արձանագրեց, որ ելույթ ունեցած մասնակիցներից ոչ բոլորն էին տիրապետում մայրենիին:

Սփյուռքում գործող շուրջ 800 հայկական դպրոցները նախարարության աջակցությամբ ապահովված են անհրաժեշտ գրականությամբ և ձեռնարկներով: Բացի դրանից՝ ստեղծվել են հատուկ տեսասկավառակներ և վեբ-կայքեր, որոնք թույլ են տալիս սովորել հայերեն և տիրապետել մայերենիին, հայտնեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button