ԿարևորՔաղաքական

Առաջիկա տասնամյակում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը (ֆոտոշարք)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը DürDe կազմակերպության հրավերով հիշատակել են Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24- ին Ստամբուլում։

Երեք կազմակերպությունների ներկայացուցիչներն այնուհետեւ այցելել են Երեւան` շարունակելու հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումները:
Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ Նիկոլա Դավիդյանը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը ներկայացնող Բենջամին Աբթանին եւ «Ոչ ասա ռասիզմին եւ ազգայնամոլությանը» կազմակերպության անդամ Յըլդըզ Օնենին այսօր իրենց տպավորություններով կիսվեցին լրագրողների հետ:
Նիկոլա Դավիդյանի հիշեցմամբ` 4-րդ տարին է արդեն, որ Ստամբուլում հիշատակվում է Հայոց ցեղասպանության տարելիցը` ընդ որում` հենց թուրքական կազմակերպության կողմից: Իսկ այս տարի առաջին անգամ այդ միջոցառումներին մասնակցել են եվրոպական պատվիրակություններ, ինչը նա կարեւոր ձեռքբերում է գնահատում:
Եվրոպական հակառասիստական հասարակական շարժումը ներկայացնող Բենջամին Աբթանը պատրաստ է հերքել պատմության մեջ մնացած խոսքերը, թե ոչ ոք այլեւս չի հիշում հայերի ջարդերը:
Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը նա ամենից առաջ հակված է գնահատել որպես պայքար ռասիզմի դեմ: Իր ներկայացրած կազմակերպության անունից նա խոստանում է պայքար տանել ոչ միայն եվրոպական մի շարք երկներում, այլեւ Թուրքիայում` հանուն պատմական արդարության։

Բանախոսները վերջին 10 տարիների կտրվածքով ավելի հստակ նախադրյալներ են տեսնում, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի հենց Թուրքիայի կողմից: Նրանց այս դիտարկումները հիմնված են տարբեր երկրներում հանդիպումների, քննարկումների եւ գնահատումների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button