Հասարակություն

ԱԺ ներխուժած քաղաքացուն ուղարկել են հոգեբուժարան

ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար և նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանն այսօր նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Դատահոգեբուժական փորձաքննության այսօր ստացված արդյունքները ցույց են տալիս, որ Վրեժ Գալստյանը տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ զառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ:
Քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին նա գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Վրեժ Գալստյանն այժմ էլ չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ուստի նրան հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով Վրեժ Գալստյանը չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վտանգ է ներկայացնում շրջապատի և իր անձի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

ՀՔԾ- ից հայտնում են, որ փորձագիտական եզրակացությունը հաշվի առնելով նախաքննական մարմինը նրա նկատմամբ հարուցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ ու հոգեբուժարան տեղափոխելու միջնորդությամբ դիմել դատարան, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button