ԿարևորՀասարակություն

Քաղավիացիայի ճակատագիրը մտահոգում է նաեւ Հանրային խորհրդին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ՀՀ Հանրային խորհրդի 16-րդ լիագումար նիստում քննարկվել է վերջին շրջանում հանրության մեջ մտահոգության առարկա դարձած Հայաստանի քաղավիացիայի հարցը: «Արմավիա» ավիաընկերության կողմից  հայտարարված սնանկացման գործընթացն ու չվերթների փաստացի դադարեցումը լրջորեն  վնասել է  ուղևորների շահերին: Ոչ պակաս մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տեղական ավիափոխադրողներից զրկվելը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունն ու պաշտպանվածությունը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը նկատեց, որ այն  «Արմավիայի» մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականության, Զվարթնոցի  և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությւոնների, ինչպես նաև կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության  ոչ արդյունավետ միջամտության հետևանք է:
Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Հանրային խորհուրդն առաջարկում է կառավարությանը ստեղծել պայմաններ ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ: Ինչպես նաև ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում որպես պարիտետային ելակետ ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից:
Խնդրի վերաբերյալ իր դիտարկումներն ունի նաև ՀԽ անդամ Կարեն Բեքարյանը: Նրա դիտարկումները վերաբերում  են ծառայությունների որակին։ Սակայն 
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը արագանքեց, որ քաղավիացիան մշտապես հսկել է «Արմավիայի» թռիչքային անվտանգության որակը և հավաստիացրեց, որ ավիաընկերության օդաչուական կազմը համապատասխանում է բոլոր չափանիշերին և անվտանգության տեսանկյունից ընկերությունը եւս համապատասխանել է բոլոր չափանիշերին:

Հանրային խորհուրդը որոշեց առաջարկությունների փաթեթը՝ «Արմավիայի» առաջարկությունների հետ միասին ներկայացնել կառավարություն։
Նշենք, որ «Արմավիան» ևս առաջարկում է նորմալ գործընթացի համար անհրաժեշտ միջոցառումների ցանկ, այդ թվում  ՀՀ ավիափոխադրումների շուկայում վերականգնել հավասարությունը, հանել 10 հազար դրամ օդի տուրքը  ավիատոմսերի գնից։

Ցուցադրել ավելի
Back to top button