

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջխաղացում չի նկատվում: Այս մասին նախարարն ասել է Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման լուծման հեռանկարների մասին Սերգեյ Լավրովն ասել է. «Դեռևս առաջխաղացում չկա»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, համաձայնել է Լավրովի հետ, սակայն հավելել է, թե չէր ասի, որ իրավիճակը փակուղու մեջ է: «Մոտ ժամանակահատվածում նախատեսվում է ԱԳ նախարարների նոր հանդիպում, այն տեղի է ունենալու մայիսին, և ընդամենը մի քանի օրից Կրակովում: Չի բացառվում և ամենաբարձր մակարդակով հանդիպման հավանականութունը», — ասել է Նալբանդյանը:
«Գործընթացը շարունակվում է, այլ հարց է, որ իրականում առաջընթաց չի գրանցվում, քանի որ կողմերից մեկը ապակառուցողական դիրքորոշում է զբաղեցրել և համանախագահների ներկայացրած բոլոր առաջարկները մերժում է», — գործակալությունը մեջբերում է Նալբանդյանի խոսքերը:
Նշենք, Էդվարդ Նալբանդյանն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: