Հասարակություն

«Հովնանյանը» կդառնա ամենամեծ մասնավոր հայկական հիմնադրամը

Հրայր և Աննա Հովնանյանները ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվներ փոխանցում են իրենց անվան հիմնադրամին, հայտարարել է նրանց որդին՝ Էդիլ Հովնանյանը։

«Հովնանյան» հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986 թ. և իր առաքելություն է հռչակել «բարեգործական, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ նպատակներով ֆինանսավորումը, առաջնային ուշադրություն դարձնելով ամբողջ աշխարհում հայկական համայնքներին` վերջիններիս նվիրատվությունների, դրամաշնորհների, ավանդների և ծրագրային ներդրումների տեսքով աջակցություն ցուցաբերելու միջոցով»:

Վերջնական նվիրաբերությունից հետո այս հիմնադրամը կլինի պատմության մեջ ամենամեծ մասնավոր հայկական հիմնադրամը։

Հովնանյանների հինգ զավակներից և երեք ավագ թոռներից կազմված Հիմնադրամի խորհուրդից կպահանջվի բաշխել տարեկան 25 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Հրայր Հովնանյանը մեծահասակների համար անհատական հողամասերի վրա կառուցված առանձնատներից բաղկացած խոշոր համայնքների ստեղծման գաղափարի հեղինակներից է։ Տասնյակ հազարավոր տներ են կառուցվել նրա կողմից։

Նրա ձեռնարկատիրական գուծունեությունը ներառում է նաեւ  առողջապահական հաստատությունների, խոշոր մանրածախ առևտրի կետերի, գրասենյակային համալիրների, վարձակալությամբ տրվող բնակարանների նախագծում և կառուցում և հանքավայրերի շահագործում ավելի քան 7000 ակր տարածության վրա:

Հովնանյանի կյանքի  բարեգործական շրջանը սկսվել է նախորդ դարի 70- ական թվականներին։ 1972թ. մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նա ստեղծել է Ամերիկայի հայկական համագումարը և ներկայում այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Նա նաեւ 90-ականների սկզբներին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիր անդամներից է և 1997թ. ստեղված Հայկական ազգային ինստիտուտի հիմնադիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button