Հասարակություն

Կնշվի անվանի գործարար և բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մայիսի 4-ին լրանում է անվանի գործարար և բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակը: Նշենք, որ Արամյանցն առաջին առևտրական քայլերը կատարել է Թավրիզում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի, իսկ գործարար առաջին լուրջ ձեռքբերումներն ունեցել է Բաքվում, որտեղ իր վաղեմի ընկերոջ Ալեքսանդր Մանթաշյանցի հետ առաջատար դիրքեր էր գրավում նավթարդյունաբերության բնագավառում` դրան զուգահեռ, իհարկե, չմոռանալով նաև բարեգործություններ կատարելու մասնին:

Բարեգործության օրինակները շատ են, բայց եթե անգամ որևէ բարեգործություն կատարած չլիներ էլ, միայն Թիֆլիսում կառուցած անվճար քաղաքայիին հիվանդանոցը արդեն իսկ վկայում է հոգատար մարդու և անհատականության մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լոռվա ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը`նշելով, որ միությունը պատրաստվում է առանձնահատուկ նշել հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում էլ հանրությունը կծանոթանա Միքայել Արամյանցի կյանքի և գործունեության մանրամասներին: Հոբելյանական միջոցառումները մեկնարկելու են Միքայել Արամյանցի ծննդավայրից Արցախի Քյաթուկ գյուղից:

Միքայել Արամյանցի 170-ամյակի առթիվ մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում էլ կբացվի լուսանկարներիի ցուցահանդես, որով կներկայացվի Սրամյանցի կյանքն ու գործունեությունը: Այնուհետև տեղի կունենա «Միքայել Արամյանց» տեսաֆիլմի ցուցադրությունը: Արամյանցի 170-ամյակին նվիրված մմիջոցառումներ տեղի կունենան նաև Երևանում: Հոբելյանական միջոցառումը կբացվի բարերարների պուրակում՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով: Այնուհետև տեղի կունենա գրող, պատմաբան Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց.կյանքի և գործունեության դրվագներ» գրքի շնորհանդեսը: Ինչպես նկատեց Վահե Անթանեսյանը մենք ունենք բարերարության ավելի քան 2000 տարվա պատմություն, սակայն մինչ օրս չունենք հայ բարերարի կամ հայ բարեգործի օր:

Միքայել Արամյանցի ծննդյան օրը կնշվի նաև Թբիլիսիում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button