

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանը դառնում է Արևելյան գործընկերության լիդեր երկրներից մեկը, եւ այս հարցում Հայաստանի և Լեհաստանի շահերը համընկնում են: Այսօր այս մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Մամուլի ազգային ակումբում: Նա նաեւ քաղաքական թեմաներից է խոսել պատասխանել, թե ինչու էր ընտրությունների շրջանում քննադատել Հայաստանի կառավարությանը: Միաժամանակ դեսպանը խոսել է նաեւ Արցախի հիմնախնդրի եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ քայլերից է խոսել նաեւ գերմանական կազմակերպության հիմնադիր ղեկավար Էբերհարդ Ռադչուվայթը, ով շեշտել է, թե երեկվանից ոգոկոչման արարողությունների տպավորության տակ է:
Հայաստանը եւ Լեհաստանը փոխվստահության վրա հիմնված կայուն հարաբերություններ ունեն: Իր այս գնահատմամբ այսօր լրագրողներին հանդիպեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Լեհական կողմը բավարարված է հայ-լեհական քաղաքական եւ տնտեսական երկխոսությամբ եւ այն բարեկամական հարաբերություններով, որ հաստատվել են երկու երկրների միջեւ, սակայն տնտեսական համագործակցությունը դեռ ցանկալի եւ հնարավոր մակարդակին չի հասել: Այդ ուղղությամբ դեսպանը նոր լուրջ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Այս օրերին հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Հայաստանում են տասնյակ բազմաթիվ լեհ գործարարներ, ովքեր ծանոթանում են երկի ներդրումային հնարավորություններին:
Դեսպան Ռաչինսկին դրական առաջնըթաց է արձանագրում նաեւ քաղաքական երկխոսության առումով՝ հիշատակելով երկու երկրների արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումը եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան: Այդ դեպքում ինչու էր նույն գնահատումների տեր դեսպանը խիստ քննադատություն հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Ռաչինսկին դիտարկմանը որպես պարզաբանում նախ մեջբերեց արաբական մի ասավածք` ասա ինձ ճշմարտությունը, եւ ես կասեմ` արդյոք ես քո ընկերն եմ: Այդպիսով նա ցանկանում էր ընդգծել, որ ինքն անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է մեր երկրում:
Դեսպանն ընդգծեց իրենց սրտացավությունը նաեւ Լեռնային Ղարբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Խաղաղ կարգավրումն այն ելքն է, որն իրենք պարտադիր ու ցանկալի են համարում եւ աջակցում Մինսկի խմբի դիրքորոշմանը: Սակայն Արախը որպես անկախ երկիր ճանաչելը դեռ Լեհաստանի օրակարգում չէ: Նրանք թերեւս դեռ կսպասեն Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը: Այլ է այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի համար գերակա մեկ այլ հարցի` Ցեղասպանության ճանաչման շուրջ: Հայ-լեհական քաղաքական գործակցությունը որակապես նոր փուլ մտավ, երբ 2005 թվականին Լեհաստանի Սեյմը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեսպան Ռաչինսկին դա գնահատում է որպես բարոյականության չափանիշերով ընդունված որոշում, որը բխում է պատմական հիշողությունից: Այլ գնահատական տալ Լեհաստանը չէր կարող. շեշտեց դեսպանը: Ցեղասպանության ժխտումը քրեականացնել այսօր, սակայն, չեն պատրաստվում Լեհաստանում: Գերմանիան եւս նման քայլերի ուղղությամբ չի մտածում: Այս մասին էլ այսօր լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ հայտարարեց Բեռլինի «Կոնտակտե Կոնտակտի» կազմակերպության հիմնադիր ղեկավար Էբերհարդ Ռադչուվայթը, ով զբաղվում է երկրորդ համաշխարհային պատերազմի հայ ռազմագերիների հարցերով եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով:
Շուրջ 10 տարի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ զբաղվող գործիչը պնդում է, որ դրա համար նախ թւրքական մտածողությունը պետք է փոխվի: Ռադչուվայթը հիշում է, որ գերմանացիների համար շատ երկար ժամանակ պահանջվեց գալու այն գիտակցության, որ իրենք մեղավոր են: Այնինչ Թուրքիայում ազատ մտածող մարդիկ դեռ մեկ ուղի ունեն` դեպի բանտ: Գերմանիայում պաշտոնյաները բոլորն էլ հակված են 1915-ի իրադարձություններին Ցեղասպանություն անունը տալ, սակայն այս հարցի շուրջ ասելիքը փոխվում է, երբ նրանք բարձրախոսի մոտ են նստում: Գերմանիայի պաշտոնական դիրքորոշման վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է գնալով տնտեսապես ավելի հզոր երկիր դարձող Թուրքիայի ճնշումը: Ուստի բարոյական հարցերը սկսում են ստորադասվել տնտեսականին: Այս հարցում որպես հիմնական եւ առաջին անելիք Էբերհարդ Ռադչուվայթն ընդգծում է Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված թուրքերի առավել քաղաքակիրթ հատվածի հետ երկխոսության մեջ մտնելը: