ԿարևորՔաղաքական

Այլընտրանքային ծառայությունը կրկին խորհրդարանական քննարկման առարկա

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով։

Օրենսդրությունը տարբերակում է այլընտրանքային ծառայության 2 տեսակ` զինվորական և աշխատանքային: Ըստ կառավարության կողմից ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծի «Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը»:
Իսկ «Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը»:
Ըստ նախատեսված փոփոխությունների՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը կկազմի 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայությանը` 36 ամիս: Հիշեցնենք, որ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կազմում է 24 ամիս:

Թեմայի շուրջ լսումների անցկացումը կարևորելով՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, այն արժանացել է բուռն քննարկման համապատասխան օրինագծի առաջին ընթերցման ժամանակ:

Այլընտրանքային ծառայության կիրառմանը անդրադարձավ և Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նկատելով, որ այս հարցը կարիք ունի բազմակողմանի մոտեցման։

Դեռևս 2003 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, ըստ էության չի կիրառվել` դրանում տեղ գտած մի շարք թերությունների պատճառով, ինչը հարվածել է և պետական բյուջեին:
Այսպես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով զինակոչից հրաժարված և ՀՀ դատարանների վճիռով դատապարտված մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ արդարացվեցին և ստացան փոխհատուցումներ պետական գանձարանից: 

Հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն մեկի ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից: Խոսքը «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդների մասին է:

Անդրադառնալով առաջարվող փոփոխություններին եւ լրացումներին՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ դրանք քննարկվել են ինչպես պատկան մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Գործող օրենքի անկատարության պատճառով այսօր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար 26 քաղաքացու հանդեպ իրականացվում է նախաքննություն, 23-ի գործերը գտնվում են դատական վարույթում, ևս 34 հոգի դատապարտված են և կրում են իրենց պատիժը:
Ըստ որոշ տվյալների՝ ընդհանուր առմամբ 440 հոգի 2002 թվականից սկսած քրեորեն պատժվել են` ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:  Նորացված օրենքը թույլ կտա չեղյալ հայտարարել դատվածությունը և կարճել քրեական հետապնդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button