ԿարևորՀասարակություն

Ամերիկահայ համայնքը ԱՄՆ դաշնային իշխանությունից պահանջում է ճանաչել ցեղասպանությունը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Ամերիկյան մեգապոլիսի կենտրոնը մի քանի ժամ ողողված էր հայ ցուցարարների վանկարկումներով, եռագույն դրոշներով ու ցուցապաստառներով: Այս երթը տարիներ շարունակ ամերիկահայ համայնքի միահամուռ ձայնով Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունից պահանջում է պաշտոնապես ճանաչել և դատապարտել պատմական փաստը: Թեև ապրիլի 24-ը ՄՆ-ում աշխատանքային օր է, սակայն լուռ համաձայնությամբ փակ են բոլոր հայկական բիզնեսները. խանութների, վարսավիրանոցների, դեղատների և այլ հաստատությունների դռներին գրված է պատճառը: Լոս Անջելեսի փողոցներն այս օրերին լի են հայկական եռագույնով պատված մեքենաներով:

Նաև այս կերպ համայնքը փորձում է իրազեկել քաղաքի միլիոնավոր բնակիչներին իրենց բողոքի մասին: Ցույցը լայնորեն լուսաբանեցին ամերիկյան լրատվամիջոցները: Նրանք փորձել էին նաև մեկնաբանություն ստանալ Թուրք դիվանագետներից, բայց ապարդյուն: Համայնքի հոգևոր հայրերի առաջնորդությամբ` ամերկահայ համայնքի երթին այս տարի ևս միացան ամերիկացի գործիչներ. «Հայ համայնքի կողքին ենք` Թուրքիայի կառավարությունից և մեր իշխանությունից պահանջելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա չպետք է դիտարկվի Թուրքիայի` կարևոր գործընկեր լինելու համատեքստում: Սա ճշմարտության հարց է: Եթե մենք չասենք ճշմարտությունը, շատ կարևոր մի բան կկորցնենք մեր սրտերում`իբրև ամերիկացիներ»,- ասաց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Մայք Գաթոն:

Նահանգապետ Ջերիի Բրաունի հռչակագրով Ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 98-րդ տարելիցի միջոցառումների մեծ մասը կայացան հենց այս օրը: Համայնքի ակտիվ հատվածը, նաև` հայ և ամերիկացի գործիչները ջանում էին հասցնել մասնակցել բոլոր ձեռնարկներին: Օրվա գլխավոր միջոցառման հասցեն նույնն է ավելի քան 40 տարի: Մոնթեբելլոյի հուշահամալիրի կառուցման հիմքերում կանգնած Մայքլ Մինասյանն ամեն տարի հպարտությամբ է գալիս այստեղ. ուրախ է, որ և Մոնթեբելլոյի, և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների թիվը երբեք չի պակասում. Շատ են երիտասարդները: Դա նշանակում է, որ մեր կռիվն անարդարության դեմ վստահելի ձեռքում է, ասում է նա:

Հայ համայնքի քաղաքական օրակարգին իրենց հավատարմությունը հայտնելու համար ամեն տարի այստեղ են նաև նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Սկսած 90-ական թվականներից, ամեն տարի գալիս եմ այստեղ: Քաղաքական լիդերների համար կարևոր է հասկանալ այս խնդրի նշանակությունը, և ոչ միայն ՄՆ-ի, այլև Թուրքիայի կառավարությունից պահանջել ճանաչել պատմական փաստը` ոչ միայն հանուն հայերի, այլև մարդկության ապագայի», — ասաց Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարայգոսան:

Հայոց ցեղասպանության ճանաչման համար կարևոր է նաև հասարակության իրազեկումը, ասում է Հանրային ուսուցման նահանգային ղեկավար Թոմ Թորլեքսնը: Նա հայտեց, որ շուտով Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները կներառվեն Կալիֆորնիայի դպրոցական ծրագրում: «Կալիֆորնիայի ավելի քան 10 հազար դպրոցների ուսումնական ծրագրում կներառվի պատմությունը, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ թուրքական կառավարության հալածանքների հետևանքով: Գործընթացը սկսվել է, մասնագետներն աշխատում են նյութեր ձեռք բերել Հայոց ցեղասպանության մասին` ծրագիրը կազմելու համար: Այդ կարևոր պատմական իրողույունը պետք է դատապարտվի, որպեսզի մենք դատապարտված չիլինենք դրա կրկնությանը»,-ասաց Կալիֆորնիայի հանրային ուսուցման նահանգային մարմնի ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button