ԿարևորՔաղաքական

Ֆրեզնոն ճանաչեց ԼՂՀ անկախությունը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Ֆրեզնո

«Ֆրեզնոն դարձավ Կալիֆոռնիայի առաջին մարզը, որը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, սա պատմական օր է»։- այս հայտարարությամբ Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհուրդը հրապարակեց նոր բանաձևը:

Փաստաթղթում նշվում է, որ ԼՂ-ը պատմականորեն հայկական տարածք է, որը նորահայտ Սովետական Ադրբեջանին է բռնակցվել անցած դարասկբին: Մանրամասն շարադրված է նաև ԼՂ-ի անկախության գործընթացը, որը փաստաթողթի հեղինակների ձևակերպմամբ, ոգեշնչեց ԽՍՀՄ մյուս ժողովուրդներին` ոտքի կանգնել հանուն սեփական ազատության և իրավունքների:
Բանաձևում շեշտված է նաև, որ 1989թ-ին ԼՂ-ի ժողովրդի օրինական ձգտումներին աջակցություն է հայտնել ԱՄՆ Սենատը։
Ֆրեզնոյի մարզի ղեկավար մարմինը փաստեց նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում, Բաքվում և այլ վայրերում իրականացրած ջարդերով` ի վերջո սանձազերծելով լայնամասշտաբ ագրեսիա երիտասարդ ժողովրդավարության նկատմամբ:
Եվ չնայած 1994-ին կնքված հրադադարին` ԼՂՀ անվտանգությունն այսօր սպառնալիքի տակ է տարածաշրջանի լարվածության և Ադրբեջանի կողմից թշնամական գորոծղությունների հետևանքով։
«Մենք չպետք է մոռանանք, որ ԼՂ-ի ժողովուրդն այսօր էլ գտնվում է սպառնալիքի տակ` Ադրբեջանի հարևանությամբ, որն ընդլայնում է ռազմական ուժերը` հայերին իրական վտանգի տակ դնելով մի տարածքում, որը պատմականորեն հայկական է: Հայոց ցեղասպանության դասերից մեկն է` չմոռանալ երբեք, որ մենք բարոյական պարտավորություն ունենք կանգնել մեր բարեկամների կողքին, երբ նրանք դրա կարիքն ունեն: Այսօրվա բանաձևը թեև խորհրդանշական, սակայն շատ նշանակալից հայտարարություն է, որ Ֆրեզնոն կանգնած է հայերի կողքին», հայտարարեց Ֆրեզնոյի կառավարիչների խորհրդի փոխնախագահ Անդրեաս Բորջեսը:

«Այսօր իրոք պատմական օր է Արցախի ժողովրդի և ամբողջ աշխարհի հայերի համար: ԼՂՀ- ը, որն անկախ է ավելի քան 20 տարի, այսօր ճանչվեց Ֆրեզնոյի մարզի կողմից: Դա մեսիջ է, որը կարող է առաջնորդելԼՂՀ ճանաչման հետագա գործընթացը, որը տարածաշրջանում խաղաղության պահպանման միակ միջոցն է»,- իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը։

ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևում Ֆրեզնոյի մարզն ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին կոչ արեց աջակցել Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքի իրացմանը:

«Մեր մտադրություններն այս բանաձևով չեն ավարտվում: Հույս ունենք, որ ԼՂՀ ճանաչման այս քայլը կայծ կլինի, որը կտարածվի Կալիֆոռնիայում և կհասնի Վաշինգտոն`այդպիսով թափ հաղորդելով ԱՄՆ-ում սկիզբ առած` Արցախի անկախության ճանաչման անխուսափելի գործընթացին»,- ասաց Ֆրեզնոյի կառավարիչների խորհրդի փոխնախագահ Անդրեաս Բորջեսը:
Ֆրեզնոյի կառավարիչների խորհուրդը ԱՄՆ նախագահից և Կոնգրեսից պահանջեց նաև պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաջորդ սերունդներին իրազեկել այդ ոճրի մասին` այն կանխարգելելու մտահոգությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button