Քաղաքական

Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, հիշեցին հայ նահատակներին

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»

Ամեն տարի ապրիլի 24-ին Թբիլիսիից ու Վրաստանի այլ շրջաններից հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ  հավաքվում են հարգանքի տուրք մատուցելու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
«Եվ ամեն տարի մենք այստեղ սպասում ենք, որ վերջապես այս շենքի (Թուրքիայի դեսպանատան) պատուհաները կբացվեն ու անտեղից թուրքերը կասեն` «ճանաչում ենք», նման հավատով է այս տարի ևս Թուրքիայի դեսապանատան առջև ցույցի դուրս եկել համայնքի ակտիվիստներից Գուրգեն Մխիթարյանը։

«Աշխարհի ամեն անկյունում հայն այսօր մի բռունցք է դարձել։ Այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի դեսպանություն, մեր հայրենակիցները հավաքվել են այնտեղ. անիծված են այդ շենքերը։ Եվ անիծված է այնքան ժամանակ, մինչև հայու արդարությունը չվերականգնվի»,- իր ելույթում ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Նա հավաքվածներին հավաստիացրեց. «Միևնույնն է՝ այդ օրը կգա, որ Զեյթունը մեր կլինի, Վանը մեր կլինի, Էրզրումը, Անին, Կարսը, Բիթլիսը…»։

Ուստի մենք պահանջում ենք ճանաչում և փոխահատուցում Թուրքիայից, ասաց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը՝ կոչ անելով վիրահայերին «ամենամեծ հատուցումը կլինի, որ խոսենք հայերեն, երգենք հայերեն, շնչենք հայերեն»:

Վիրահայերը հույս ունեն, որ Վրաստանը նույնպես կդատապարտի Հայոց ցեղասպանությունը։ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև հանդես եկավ նաև վրացական «Իրակլի Երկրորդ» կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն ՝կոչ հաշվի նստել հայության պահանջի հետ` նշելով, որ իրենք նույնը պահանջում են նաև Վրաստանի իշխանություններից

«Հայոց ցեղասպանությունն իրականում եղել է: Վրաստանի նախկին իշխանությունները ճանաչեցին չերքեզների ցեղասպանությունը, թեև նման ցեղասպանություն գոյություն չունի, ոչ մի այլ երկիր չի ճանաչել: Ես կարծում եմ, որ Վրաստանն անպայման պետք է ճանաչի Հայոց ցեղասպասնության փաստը»,- հայտարարեց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button