ԿարևորՔաղաքական

Այստեղ եմ հայ եղբայրների հետ իրենց ցավը կիսելու համար. թուրք մտավորականները Ծիծեռնակաբերդում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ցեղասպանության հուշահամալիրում այսօր անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել ոչ միայն հայաստանաբնակները, այլև բազմաթիվ սփյուռքահայեր, օտարերկրացիներ, անգամ թուրքեր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Արևմտահայոց ազգային խորհրդի անդամները:
Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Արևմտահայոց ազգային խորհրդի նախագահ ֆրանսաբնակ Սուրեն Սերայդարյանը, «ապրիլի 24-ը հիշելը և անմեղ զոհերի հիշատակը հարգելն, իհարկե կարևոր է, սակայն, մենք իրավունք չունենք նշել այդ օրը՝ առանց պահանջատիրություն ներկայացնելու»:
Ըստ նրա` կարևորը արդյունքներն ու ձեռքբերումներն են, և նա կարծում է, որ շատ ավելի կարևոր է ապրլիլի 25-ը նշելը, քանի որ եթե ապրլի 24-ը անմեղ զոհերին հիշելու օրն է, ապա ապրիլի 25-ը պահանջատիրության օրն է և հենց այդ ուղղությամբ էլ աշխատում է Արևմտահայոց ազգային խորհուրդը:
Ըստ Սուրեն Սերայդարյանի՝ կարևորը իրավաբանական և պատմական հարցերով զբվաղվելն է։

«Մի մոռացեք, որպեսզի կարողանանք համաշխարհային դատարաններ գնալ, պետք է նախ դատեր ունենանք Թուրքիայում: Եթե պարտվենք այդ դատերը՝ նոր կարող ենք համաշխարհային դատարաններ գնալ»։

Կան նաև հայեցակարգային հարցեր, որոնք առաջիկա օրերին կհրապարակվեն։ Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ կորուստներ է ունեցել հայ ազգը, քանի որ բացի բարոյական և նյութական  կորուստներից, մենք ունեցանք նաև ազգային ժառանգության կորուստ, նկատեց Սերայդարյանը:

«1800 եկեղեցի կա Թուրքիայի սահմաններից ներս, որոնցից մեծ մասը ավերակ է: Երկրորդ հարցն այն է, որ Թուրքան փոխվում է: Թուրքական հկ-ների հետ պետք է միասին աշխատենք, որովհետև թուրք  ժողովուրդը հանցավոր չէ: Թուրք ժողովուրդը պարզապես անտեղյակ է, թե ինչ է կատարվել: Նրանց պատմության գրքերում ոչ եղեռնի և ոչ էլ ջարդերի մասին գրված չէ»:

Նշենք, որ Արևմտահայոց ազգային խորհրդի անդամներին ուղեկցում էին նաև ազգությամբ թուրքեր: Նրանք ևս եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Սաիդ Չեթինօղլին պատմաբան է և ցեղասպանագետ: Նա հասցրել է անգամ մի քանի գիրք գրել Հայոց ցեղասպանության մասին: «Ռադիոլուրի» հարցին, թե որն է թուրքական մերժողական քաղաքականության պատճառը, եթե նրանցից շատերը տեղեկանալով հայոց ցեղասպանության մասին, ափսոսանք են ապրում և ցավակցում են, Սաիդ Չեթինօղլին պատասխանեց. «Ըստ իս` տգետության հարց չկա: Թուրքական կապիտալի մեծ մասը հայոց ունեցվածքով է ձեռքբերված: Դրա համար էլ չեն ուզում ընդունել իրականությունը: Հիմնական պատճառը նյութական հարցն է»։

Էրդալ Դոանն էլ  Հայաստան է ժամանել Ստամբուլից: Նա միևնույն ժամանակ նաև Հրանտ Դինքի փաստաբաններից է։

«Որոշել էինք «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի հետ միասին գալ այստեղ, բայց նա սպանվեց և իմ գալը այսօր ստացվեց: Շատ ազդեցիկ մթնոլորտ էր և ես այսօր այտեղ եմ  հայ եղբայրների հետ միասին իրենց ցավը կիսելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button