Քաղաքական

Տրանսպոտային հիմնախնդիրների լուծումը կարևորում են ավագանու ընտրություններում մասնակցող բոլոր ուժերը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները բացառությամբ ՀՀԿ-ի,  այսօր «Մեդիա Կենտրոն»-ում  ներկայացրել են մայրաքաղաքի տրանսպորտային հիմնախնդիների  լուծման իրենց առաջարկները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ ցանկանում են ավելացնել Երևանի մետրոպոլիտենի կայարանների թիվը, իսկ ՕԵԿ ներկայացուցիչն էլ կոչ է  արել անցնել ամբողջ աշխարհում ընդունված՝ հեծանիվներով երթևեկելուն:

Ո՞րն է  այս պահին երևանցիներին հուզող թիվ մեկ խնդիրը: Հասարակական տրնասպորտից օգտվողներն անկասկած առաջինը  կխոսեն  քաղաքային տրանսպորտից օգտվելու անհարմարությունների մասին: Եվ պատահական չէ, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերն  իրենց ծրագրերում ունեն  մայրաքաղաքի տրանսպորտային հիմնահարցերը լուծելու առաջարկներ: Եվ այսպես, ավագանու ընտրություններին մասնակցող  ՀԱԿ–ն առաջարկում է ներդնել ավտոմատ կառավարման համակարգ, դրա համար պետք է փոխել ներկայիս համակարգը: Մինչ այդ, սակայն անելիքներ շատ կան: Քաղաքական ուժը գտնում է, որ համակարգային լուծումներ են անհրաժեշտ, երթուղայինները պետք է  փոխարինել  ավտոբուսներով: Ինչպես գրեթե բոլոր քաղաքական ուժերն , այնպես էլ ՀԱԿ-ը նախատեսում է ընդլայնել Երևանի մետրոպոլիտենի կայարանների թիվը:

Արեն Մանուկյան`ՀԱԿՀիմա որևէ վերահսկողություն չկա, որևէ ծրագրային քաղաքականություն չի տարվում, որպեսզի թեթևացվի տրասնպորտային երթևեկության ծավալները, դա չի արվում քաղաքցու հարմարության համար: Այն ամենն ինչ արվում է, հիմա նպատակ ունի փող աշխատել, որը շատ լավ հնարավորություն է երթուղայիններով»:

«Բարև Երևան» դաշինքը նույնպես խոստանում է, ավելի ճիշտ ցանկանում է առաջիկա չորս տարվա ընթացքում ամենաքիչը մետրոյի չորս նոր կայարան կառուցել: Ցանկանում է, քանի որ դաշինքը ներկայացնող Արմեն Պողոսյանը նկատում է.«Անկեղծ ասած, դա իրատեսական չէ, բայց, եթե մենք նպատակ դնենք ու գոնե մեկը կառուցենք, երկուսն իհարկե ավելի լավ կլինի, դա կլինի հեղափոխական, ռադիկալ քայլ: Երեսուն տարի ոչինչ չանելուց հետո կունենանք ևս մեկ մետրոյի կայարան»:

ԲՀԿ-ն ևս առաջարկում է ավելացնել Երևանի մետրոպոլիտենի կայարանների թիվը: Ավելին, մատնաշնում է, թե որտեղից պետք է ֆինանսական միջոցներ հայթայթեն, կուսակցությունն առաջարկում  էնաև նոր կայարան կառուցել դեպի «Զվարթնոց»  օդանավակայան: Սա աշխարհի զարգացած մայրաքաղաքների օրինակով:  Գուգեն Գասպարյան . Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկում է նաև  նվազեցնել թեթևացնել Երևանի գլխավոր փողոցներով  երթևեկող երթուղիների թիվը, այսկերպ նաև ամեն քայլափոխի հանդիպող խցանումներից զերծ կմնանք.«Բոլոր գծերը, օրինակ, նայեք Կոմիտաս փողոցը, ուզում են, որ այդ փողոցով անցնի գիծը, Գիտենք գծերն ումն են, բոլոր գծերն էլ անցնում են Կոմիտաս փողոցով, այսինքն այդ ժամին այդտեղ ահավոր վիճակ է»:

«Առաքելություն»-ում  խոստանում են, մայրաքաղաքի  տրանսպորտային բոլոր միջոցները պետք է տնօրինի մեկ մարմին՝ Երևանի քաղաքապետարանը: Սա միակ առաջարկը չէ, կուսակցությունում կողմնակից են, որ երթուղայինները կրճատելու հաշվին ավելանան տրոլեյբուսային նոր գծեր:  Հրաչ Սարգսյանն «Առաքելություն» կուսակցությունն է ներկայացնում.«Կարելի է երթուղայինները հանել, տրոլեյբուսի շահագործումն ավելացնել, որպեսզի ուղևորափոխադրումները ավելի շատ լինեն»:

Տրանսպոտային հիմնախնդիրների լուծումը կարևորում է  նաև Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը: ՀՅԴ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նոր էստակադաներն ու կամուրջները  ոչ թե խնդիրները չեն լուծում, այլ ավելացնում են դրանք՝ իրենց հետ , ի թիվս այլ հարցերի, բերելով նաև բնապահպանական խնդիրներ:  Մետրոյի կայարանների ավելացում նախատեսվում է  նաև Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում.«Մեր ծրագրում մենք առաջարկում ենք, որ ձգտելու ենք գոնե չորս կայարաններ հասցնենք, Աջափնյակը, ՀԱԹ, Ավան և Դավիթաշեն, ընդորում Ավան գնացող հատվածի վրա նաև կենդանաբանական այգու մոտ ունենա հնարավոր կայարան, որպեսզի նպաստի զբոսաշրջության զարգացմանը»:

«Օրինաց երկիր»  կուսակցությունում նույնպես մայրաքաղաքի տրանսպորային խնդիրները լուծելու  առաջարկներ ունեն: Կուսացության անդամ Արթուր Միսակյանը նկատում է՝ պատահական չէր, որ այսօր խցանման պատճառով ուշացավ հանդիպումից: 

ՕԵԿ-ում կարևորում են նաև երթուղայիններում տիրող սանիտարահիգիենիկ իրավիճակի հետ կապված  խնդիրների լուծումը:  Միսակյանը նկատում է , որ երթուղիների  սպասարկումն իրականացնող կազմակերպություններն ուղղակի պարապուրդի են մատնված: Կուսակցությունն առաջարկում է   կենտրոնը շրջանցող ճանապարհների կառուցում , իսկ որ ամենակարևորն է.«Ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում, շատ այլ զարգացած երկրներում, դուք տեսել եք հեծանվային երթևեկություն, կարծում եմ, որ Երևանում  նույնպես պետք է զարգացնել տրանսպորտային այդ ձևը»:

Նկատենք, որ  ՀՀԿ-ից քննարկմանը որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում, և  իշխանության հասցեին հնչող  բոլոր  քննադատությունները կրկին անպատասխան մնացին: 

Ցուցադրել ավելի
Back to top button