ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Փոքր ֆինանսավորում` մեծ արդյունքներ – ոմանք այսպես են գնահատում ԳԱԱ-ի աշխատանքը: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտական հաստատության ընդհանուր ժողովում ամփոփվել են 2012 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաեւ բարձրաձայնվել առկա խնդիրների մասին: ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանն, օրինակ, մտահոգություն է հայտնել, որ օրենսդրական դաշտը չի օգնում, այլ` խոչընդոտում է, որ գումարներ հոսեն դեպի գիտություն: Գիտնականները համոզված են, որ նման հնարավորություն կա եւ կոչ են արել կառավարությանը` գործադրել այդպիսի գործիքներ:

Թող միշտ լսվի արարչագործ պատգամը` «Եղիցի լույս» — Հայաստանի ԳԱԱ-ի Ընդհանուր ժողովին Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունը փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

2012 թվականին գիտության կաճառի գործունեության արդյունքներն ամփոփող հաշվետու ելույթում համակարգի գիտական կառույցներում իրականացված հիմնարար եւ կիրառական բնույթի գիտական արդյունքները ներկայացրեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիայի ղեկավարը պատասխանեց նաեւ հարցին, թե այդ արդյունքներն ինչ տեղ ունեն  ընդհանուր համաշխարհային գիտության ասպարեզում:

Հայաստանի ԳԱԱ-ի ինստիտուտների նվաճումները ե’ւ որակական, ե’ւ քանակական առումներով գերազանցում են ԱՊՀ երկրների նույնօրինակ արդյունքները` շեշտեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հայ գիտնականների ուսումնասիրությունների արժեքավոր լինելու մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ տարբեր երկրներից բավականին մեծ է նրանց հետ համագործակցելու ցանկությունը: Ռուսաստանից, մասնավորապես, ակադեմիական 17 ինստիտուտ է նման համագործակցության առաջարկ ներկայացրել ու ստորագրել համապատասխան փաստաթուղթ: Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, սակայն, ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների հետազոտական բազաների առնչությամբ: Դրանք արդիականացնելու անհրաժեշտություն կա: Ակադեմիայում ակնկալում են այդ հարցում նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը` նկատի ունենալով, որ այդպիսի ծրագիր երկրի ղեկավարի աջակցությամբ հաջող կիրառվում է հայաստանյան բուհերում: 

Ակադեմիայի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ 2013 թ-ի հունվարի մեկի դրությամբ հաստատությունում ընդգրկված է 60 ակադեմիկոս եւ 60 թղթակից անդամ: Նրա փոխանցմամբ` 32 ակադեմիկոս եւ 31 թղթակից անդամ աշխատում է ԳԱԱ համակարգից դուրս: Ակադեմիայի համակարգում աշխատում է 4021 մարդ, որոնցից 2462-ը գիտական աշխատողներ են, 325-ը` գիտության դոկտորներ: Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, որ միջին տարիքի գիտնականների թվի պակաս կա: Մինչեւ 35 տարեկան գիտնականները կազմում են 29%, որը, նրա հավաստմամբ, վատ ցուցանիշ չէ: 35-55 տարեկան գիտնականները, սակայն,  կազմում են ընդամենը 26%, իսկ 55 տարեկանից բարձր են 45%-ը:

«Միջին սերնդի մարդկանց թիվը քիչ է»:

Պատճառը, Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, 20 տարի առաջ երկրի բարդ ժամանակաշրջան էր, շատերը հրաժարվեցին գիտության ոլորտում աշխատելու հեռանկարից, շատերը հեռացան երկրից: Մինչդեռ, ըստ ԳԱԱ նախագահի, գիտության հիմնական քաշող ուժը հենց այդ սերունդն է, որն իր շուրջը ունենալով երիտասարդ կադրեր` ստեղծում է գիտական պոտենցիալ:

Սոցիալական որոշ խնդիրներ լուծվել են, ոմանք` լուծման ընթացքում են: Մասնավորապես` նախագահի հովանու ներքո իրականացվում է Երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button