Ճանաչում ունեցող հեղինակն իր իրավունքն ավելի լավ կարող է պաշտպանել, քան՝ սկսնակը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ առաջանում են, սակայն Հայաստանում դա ավելի շատ է կապված բնակչության իրավագիտակցության մակարդակի ոչ բարձր լինելու հետ, այսօր նշեց մանկավարժական համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Եզեկյանը։
Ըստ նրա՝ շատ դեպքերում հեղինակը չգիտի, թե ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքները Հայաստանում:
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս որոշակիորեն օրենսդրորեն ապահովել և պաշտպանել հեղինակային իրավունքի սուբյեկտների կամ հեղինակների իրավունքները: Բայց թե դա ինչքանով է հաջողվում իրականացնել պրակտիկայում, այլ խնդիր է: Պետք տարբերել, թե ինչքանով է օրենսգիրքը կարգավորում այդ խնդիրը և ինչքանով է պրակտիկայում հեղինակային իրավունքը կրողը դա իրականացնում»,- ասում է նա։
Աշխարհում չկա կատարյալ օրենք, սակայն կան մինիմալ հնարավորություններ, որով կարելի է ոլորտը կարգավորել, ասում է իրավաբան Եզեկյանը և հավելում, որ մեր օրենքը բավարար մակարդակով պաշտպանում է հեղինակների իրավունքները:
Ոլորտը համակարգողների խոսքով` այն բնագավառը, որը շատ գումար է ներդնում, ավելի պաշտպանված է:
«Ճանաչում, համբավ վայելող հեղինակն իր իրավունքներն ավելի լավ կարող է պաշտպանել, քան՝ փոքր ստեղծագործության կամ դեռ նոր ճանաչում ստացող որևէ հեղինակ»:
Մշակույթի ոլորտը, Եզեկյանի ձևակերպմամբ, ավելի կանոնակարգված և պաշտպանված է հեղինակային իրավունքների ոտնահարումից: Վերջին մի քանի տարիների հետ համեմատելով` հիմա ոլորտում աճ է գրանցվել, ասում է նա: Ըստ իրավաբանի` առաջին հերթին բարձրացել է ստեղծագործողների իրավագիտակցության մակարդակը։
Սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Ղամբարյանի կարծիքով` հեղինակային իրավունքները հիմնականում խախտվում են հենց երաժշտության ոլորտում, որտեղ տուժում են ոչ թե կատարողները, այլ հենց հեղինակները: