Հասարակություն

Ճանաչում ունեցող հեղինակն իր իրավունքն ավելի լավ կարող է պաշտպանել, քան՝ սկսնակը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ  առաջանում են,  սակայն Հայաստանում դա ավելի շատ է կապված բնակչության իրավագիտակցության  մակարդակի ոչ բարձր լինելու  հետ, այսօր նշեց մանկավարժական համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Եզեկյանը։
Ըստ նրա՝ շատ դեպքերում հեղինակը չգիտի, թե ինչպես պետք է պաշտպանի  իր իրավունքները Հայաստանում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս որոշակիորեն օրենսդրորեն ապահովել և պաշտպանել հեղինակային իրավունքի սուբյեկտների կամ հեղինակների իրավունքները: Բայց թե դա ինչքանով է հաջողվում իրականացնել պրակտիկայում, այլ խնդիր է: Պետք տարբերել, թե ինչքանով է օրենսգիրքը կարգավորում այդ խնդիրը և ինչքանով է պրակտիկայում հեղինակային իրավունքը կրողը դա իրականացնում»,- ասում է նա։

Աշխարհում չկա կատարյալ օրենք, սակայն կան մինիմալ հնարավորություններ, որով կարելի է ոլորտը կարգավորել, ասում է իրավաբան Եզեկյանը և հավելում, որ մեր օրենքը բավարար մակարդակով պաշտպանում է հեղինակների իրավունքները:
Ոլորտը համակարգողների խոսքով` այն բնագավառը, որը շատ գումար է ներդնում, ավելի պաշտպանված է:

«Ճանաչում, համբավ վայելող հեղինակն իր իրավունքներն  ավելի լավ կարող է պաշտպանել, քան՝ փոքր ստեղծագործության  կամ դեռ նոր ճանաչում ստացող որևէ հեղինակ»:

Մշակույթի ոլորտը, Եզեկյանի ձևակերպմամբ,  ավելի կանոնակարգված և պաշտպանված է հեղինակային իրավունքների ոտնահարումից: Վերջին մի քանի տարիների հետ համեմատելով` հիմա ոլորտում աճ է գրանցվել, ասում է նա: Ըստ իրավաբանի` առաջին հերթին բարձրացել է ստեղծագործողների իրավագիտակցության մակարդակը։
Սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Ղամբարյանի կարծիքով` հեղինակային իրավունքները հիմնականում խախտվում են հենց երաժշտության ոլորտում, որտեղ տուժում են ոչ թե կատարողները, այլ հենց հեղինակները: 

Ցուցադրել ավելի
Back to top button