ԿարևորՀասարակություն

Կանադայում ՀՀ դեսպան. Անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա ցեղասպանությունների համար

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Արդեն միջոցառումներ են տեղի ունեցել Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում:
Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում է տեղի ունեցել Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային և մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Մեծ Եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը:

Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ողբերգությունները:
Դեսպանը շեշտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով:

Միջոցառումն ավարտվել է Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների զետեղմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button