ԿարևորՀասարակություն

Գերմանական արխիվները՝ Հայոց ցեղասպանության մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Գերմանական արխիվներում պահվող փաստագրական նյութերը բացառիկ նշանակություն ունեն եւ վկայում են, որ Գերմանիան կարող էր կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի արել։ Գերմանիան Թուրքիայի միակ դաշնակից էր այդ ժամանակ, որը թվային տվյալներ ստանալու և առաքելու բացառիկ իրավունք ուներ, ինչն էլ հնարավորություն է տվել վերլուծություններ անելու, պարզաբանեց գերմանական արխիվներն ուսումնասիրող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։

Գերմանական արխիվներում պահվող փաստագրական նյութերը հնարավորություն են տալիս հստակ պատասխանել շատ հարցերի: Այդ նյութերից պարզ երևում է, որ հայերի տեղահանումն անշրջելի ու միանշանակ իրադարձություն էր: Նյութերում պարզաբանվում է նաև, որ գերմանացի բարձրաստիճան երկու սպաներ են արգելել Զմյուռնիայում և Մոսուլում հայերի տեղահանումը, ինչը ևս վկայում է, որ Գերմանիան կարող էր կանխել ցեղասպանությունը։

Այսքան տեղեկություններով հանդերձ՝ պատմաբանը քննարկման ենթակա չի համարում հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ցեղասպանությունը իրողություն է և թեման կարող է քննարկվել Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո միայն:
Աշոտ Հայրունին ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել տալու հարցում խիստ կարևորեց ԱՄՆ- ում և Եվրոպայում հիշողության համակարգի ստեղծման գործում մասնակցություն ունենալու և ցեղասպանությունը ետնաբեմում չթողնելու գործը:
Հիշողության համակարգի կենտրոնում Հոլոքոստն է, մինչդեռ պետք է լիներ հենց Հայոց ցեղասպանությունը: Դա նաև ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, ասաց պատմաբանը։

Քանի դեռ միջազգային հանրությունը բավարար տեղեկություններ չունի 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, նշանակում է կատարված աշխատանքը բավարար չէ, նշեց Հայրունին: Իսկ Թուրքիան ցեղասպանությունը կընդունի հասարակական ներքին պայթյունի արդյունքում։ Նրա կարծիքով՝ դա կարող է լինել 1 տարի, 50 տարի, կամ գուցե 100 տարի անց։

 

Ցուցադրել ավելի
Back to top button