Քաղաքական

Սամվել Ֆարմանյան.Ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու բոլոր հնարավորություններն ունի

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Անդրադառնալով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն  այսօր կարծիք է հայտնել, որ համեմատության մեջ դրանք անկախության պատմության ընթացքում առավել նվազ մտահոգիչն էին: Ֆարմանյանի գնահատմամբ` դրանք նաեւ թե իշխանության, թե ընդդիմության կողմից երկխոսության պատրաստակամության վկայություն էին:

Հանրապետական պատգամավորը նկատեց, որ  հետընտրական շրջանում նախագահ Սարգսյանը դրսեւորեց բացառիկ քաղաքական կամք` կոչ անելով քաղաքական երկխոսության: Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ, սակայն, ընդդիմության առաջնորդը սխալ գնահատելով իրավիճակը, ընդառաջ չգնաց նախագահ Սարգսյանի առաջարկությանը` քննարկելու Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը գլխավորելու առաջարկը:

Նախագահական ընտրություններն անցյալում են եւ, պատգամավորի խոսքով, քաղաքական իշխանությունը նոր ձեւավորվելիք կառավարությամբ պետք է ուշադրությունը սեւեռի ծրագրերի, խոստումների ու գաղափարների վրա, որոնք դրվել են նախընտրական քարոզչության հիմքում:  

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին` Սամվել Ֆարմանյանը կարծիք հայտնեց, որ քարոզչությունն ընթանում է ընտրական օրենսդրության տառին եւ ոգուն համապատասխան եւ կարեւոր է այդ մթնոլորտը մինչեւ ընտրությունների ավարտը պահելը: Հանրապետական պատգամավորը Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված այսպիսի դիտարկում կատարեց:

Սամվել Ֆարմանյանը  նաեւ շեշտեց, որ մինչ օրս հիմնական մասնակիցներից եւ ոչ մեկի կողմից չի եղել լուրջ հարցապնդում կամ բողոք` նկատելով, որ այս ընտրություններին մասնակցում են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, ինչն օրինաչափ է: Փոխարենը` պատգամավորն անհասկանալի որակեց անցած նախագահական ընտրություններում որոշ քաղաքական ուժերի պահվածքը:

Վերջին համապետական ընտրություններին չմասնակցած ուժերը պետք է հաշվի նստեն այդ քայլի օբյեկտիվ հետեւանքների հետ` կարծիք հայտնեց հանրապետական պատգամավորը: Ըստ նրա` դա առավել տեսանելի կլինի մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում, երբ այդ ուժերը պետք է պարզապես ժողովեն 2012-ին իրենց կուտակած քաղաքական կապիտալի մնացորդները` հետագա քաղաքական զարգացումներում օգտագործելու համար: Պտագամավորը համոզված է, որ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու բոլոր հնարավորություններն ունի, իսկ Տարոն Մարգարյանի դեպքում` դա կլինի վաստակած հաղթանակ, քանի որ պաշտոնավարման անցած շրջանում նա արժանացել է բարիացակամ վերաբերմունքի` իրեն դրսեւորելով որպես քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button