Հասարակություն

Ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է համակարգող խումբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի  հրամանով`  մայիսի 5-ին կայանալիք  Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ:  Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010) 54-69-12 եւ (010) 54-69-14  հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում գրանցված  անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով`  անհետեւանք չի մնա  ոչ մի  ահազանգ, տեղերից ստացվող  ոչ մի  տեղեկատվություն:

Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի  նախընտրական շտաբներին`  նպատակ ունենալով  համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ:  Ոստիկանությունը  կարեւորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ  համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը:

Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին  նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:

Ոստիկանությունը  մշտապես  շեշտել է իր  վերքաղաքական եւ վերկուսակցական  լինելը` գործով ապացուցելով, որ  իր  խնդիրը  հասարակական կարգ ու կանոնի  պահպանումն է,  հանրային հավաքների մասնակիցների  անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում  բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի եւ հասարակական շահի առաջնահերթության վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button