ԿարևորՀասարակություն

Ո՞ւր պետք է տանի կառավարությանն այս գործընթացը. բնապահպանները շարունակում են ահազանգել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Բնապահպանները կրկին հանդես են գալիս հանրապետության տարբեր վայրերում հանքերի շահագործման հնարավոր բացասական հետեւանքների մասին իրենց մտահոգություններով: Այսօր իրենց մտահոգություններն են հայտնել Հայաստանի Աերիկյան համալսարանի «Էկո» ակումբի անդամները: Նրանք համամիտ են շատ բնապահպանների այն դիտարկումներին, որ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների առաջարկները եւ հիմնավորումներն այս կամ այն հարցում «անհստակ եւ լղոզված» է։

Արդեն գրանցված բացասական օրինակները նրանց թույլ չեն տալիս հավատալ նոր խոստումներին` օդը չաղտոտելուց սկսած մինչեւ ծառահատումների թույլատրելի շեմ եւ պոչամբարների վիճակ:
Մենք կորցնում ենք Զանգեզուրը, ահազանգում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։

«Մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ուր պետք է տանի մեր կառավարությանն այս գործընթացը: Մինչեւ երբ պետք է մեր երկրում, մասնավորապես, Զանգեզուրում այս գործողությունները շարունակվեն: Մենք կորցնում ենք Զանգեզուրը: Շուտով այս տարածքում էլ ոչ մի բնակիչ չի մնա: Մնացածներն էլ կտառապեն շատ ծանր հիվանդություններով»,- ասում է նա։
Աղետ` զարգացման փոխարեն: Սա են հայ բնապահպանները կանխատեսում, եթե հայրենի կառավարությունը շարունակի աչք փակել շահագործվող կամ շահագործվելիք հանքերի հասցրած խիստ լուրջ բնապահպանական խնդիրների վրա:
Խոստացված աշխատատեղերի դիմաց, մասնավորապես, Կապանի բնակիչները կկանգնեն էկոլոգիական աղետալի վիճակի առաջ, ինչը եւ անխուսափելիորեն կավելացնի այդ շրջանում ծանր մետաղների առկայության հետեւևանքով արդեն իսկ լայն տարածում ունեցող հիվանդությունները:
Բնապահպանները մեկ անգամ չէ, որ տագնապալից նամակներ են ուղղել բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, անգամ առողջապահության նախարարություններին ու կառավարությանը:
Նրանց ահազանգերն ուղղված են Ամուլսարի ոսկու բացահանքի, Թեժ սարի, Սոթքի եւ տարբեր այլ հանքավայրերի հետ կապված խնդիրներին։

Back to top button