Հասարակություն

Մեկնարկեց «Հայերենն իմ սրտում է» համաժողովը

Արտակ Բարսեղյան 

«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական եռօրյա համաժողովը, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրներից։

Հավաքի կազմակերպման համար ՀՀ Սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ։ 

Հայ երիտասարդներին միավորած այս համաժողովը կնպաստի առավել սերտ կապերի հաստատմանը նրանց միջև և առկա մարտահրավերներին միասին դիմակայմանը: Քննարկումների առարկա է համազգային կարևորության խնդիրների մեջ հայ երիտասարդության դերակատարությունը: Համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առջև՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց մեր երկրի և հայության արդի խնդիրները: Դիմելով երիտասարդներին՝ կառավարության ղեկավարը կարևորեց հայոց լեզվի պահպանումը գաղթօջախներում:

Համաժողովի մասնակիցներին հայրապետական օրհնանք էր  հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջույնի ուղերձներ էր հղել նաև  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

Վաղը կմեկնարկեն թեմատիկ նիստերը` երեք ուղղություններով`«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ»  և  «Երիտասարդության հիմնախնդիրներ»:

Համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակիցները կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին:
Ապրիլի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ մեկտեղ կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին  և ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև: Համաժողովի ավարտին մասնակիցները կընդունեն հայտարարությունը` ուղղված աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button