ԿարևորՀասարակություն

Հայկ Դեմոյան.«2015 թվականը չպետք է դիտվի որպես ինչ-որ բանի ավարտ»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Թե’ հոգեբանական, թե’ այլ առումներով 2015 թվականը չպետք է դիտվի որպես ինչ-որ բանի ավարտ: Նման կարծիք է այսօր հայտնել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը` «2015 թ. Ինչպես են նախապատրաստվում Հայաստանում եւ Թուրքիայում» թեմայով քննարկման ժամանակ: Դեմոյանի խոսքով` 100-րդ տարելիցը ոչ թե ավարտի սահմանագիծ պիտի լինի, այլ ճիշտ համառակը` նոր հնարավորությունների, նոր ճանապարհների փնտրտուքի մեկնակետ: Քննարկման մասնակիցների կարծիքով` կարեւոր է նաեւ աշխատել թուրք հասարակությանն իր պատմության հետ առերեսելու ուղղությամբ` ճեղքելով թուրք հասարակությանը պարտադրված տաբուները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը չպետք է ընդունել որպես ավարտ, այլ որպես սահմանագիծ, մեկնակետ, որից պետք է առաջ շարժվել` ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով` այն հնարավորություն է նաեւ ուժերը վերադասավորելու և վերախմբավորելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին` Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ արդեն երկու նիստ է տեղի ունեցել, իսկ երրորդ նիստն էլ կկայանա մայիս ամսին: Երրորդ նիստում, Դեմոյանի խոսքով, սկզբունքային որոշումներ են ընդունվելու: Մասնավորապես` Դեմոյանը կարծում է, որ պետք է հստակորեն պատասխանել  մի քանի գլխավոր հարցերի: Օրինակ` արդյոք լինելո՞ւ է իրավաբանական առճակատում և Հայաստանը դիմելո՞ւ է միջազգային դատական ատյաններին:

Քննարկման մասնակիցներից թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով` հասարակությունը սպասում է, որ 2015-ին ինչ-որ լուրջ բան կլինի, ուստի` չպետք է սահմանափակվել միայն գիտաժողովներ կազմակերպելով կամ գրքեր հրապարակելով, որի դեպքում հատկապես սփյուռքահայությունը հիասթափություն կապրի: Ըստ նրա` գործընթացը 4 փուլ է ենթադրում եւ գլխավոր խնդիրը այդ 4 փուլերին պատրաստվելն է:

Քննարկման մասնակից մեկ այլ թուրքագետի` Անուշ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ ստեղծված պետական հանձնաժողովը բավական ուշ ստեղծվեց ու դանդաղ է գործում եւ դանդաղ է իրականացնում համակարգված գործողություններ: Միաժամանակ` նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում Հայոց Ցեղասպանությունը դատապարտվում է:

Չպետք է, սակայն, այդ առումով հանգիստ լինել, քանի որ Թուրքիան շարունակ ակտիվ է: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով` այդ ուղղությամբ մեր գիտնականները լուրջ աշխատանք են տարել և թուրքական աշխատությունները մրցունակ չեն:

Բանախոսների դիտարկմամբ` պետք է նաեւ ակտիվացնել քարոզչությունը թուրքական, այսպես ասած, տաբուները ճեղքելու ուղղությամբ թուրք հասարակության ներսում: Դրանք քայլեր են, որոնք կտանեն թուրք հասարակությանն իր պատմության հետ առերեսվելուն` այս համոզմունքով եզրափակեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:  

Back to top button