Երևանում այսօր մեկնարկել է հայ-լեհական գործարար համաժողովը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկել է հայ-լեհական գործարար համաժողովը, որին մասնակցում են հիմնականում շինարարության ոլորտը ներկայացմնող ընկերությունների ղեկավարներ: Լեհաստանից Հայաստան է ներկրվում թուղթ ու թղթից արտադրված ապրանքներ, իսկ Հայաստանից Լեհաստան է արտահանվում հիմնականում սննդամթերք: Արդեն հինգ տարի է, ինչ լեհական շուկայում են հայկական գինիները: «Արտահանման ծավալները շատ քիչ են, չեն համապատասխանում իրական այն պոտենցիալին, որ այսօր լեհական շուկան կարող է տալ Հայաստանին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայ գինեգործխների միության նախագահ Ավագ Հարությույանը՝ նշելով, որ լեհական շուկան հիմնականում հայկական մրգային գինիներով է հետաքրքրված:
Հայաստանի ու Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աստիճանաբար մոտենում են մինչև 2008թ ծավալներին: 2011-ին երկու երկրների միջև շրջանառությունը կազմել է 36 մլն դոլար, 2012-ին 42 մլն դոլար: Չնայած ծավլներն ավելանում են, սակայն, ապրանքատեսականին դեռ չի ավելկանում: Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյան.«Մեծ մասը հիմնականում ընկնում են թուղթ և թղթից արտադրված ապրանքների մասով, բացի դրանից ունենք շաքարավազի ներմուծման ծավալներ նաև Լեհաստանից, ինչպես նաև մնացած ավելի փոքր մասշտաբով ներկայացված են գրեթե բոլոր ապրանքատեսակները: Մեր կողմից հիմնականում գնում է սննդամթերք, ինչպես նաև, այսպես ասած, այլ տնտեսական պարանքներ, արտահանվում է թուղթ ու թղթից արտադրված ապրանքներ, այդ թվում նաև հանքահումքային արտադրանք: Հիմնականում ներմուծում ենք, արտահանումը նոր է սկսվում»:
Այսօր Երևանում մեկնարկած հայ-լեհական գործարար համաժողովը թվով հինգերորդն է, մի քանի օր երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող գործարարներ հնարավորություններ կունենան նոր տնտեսական համագործակցության հիմքեր ձևավորել: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանից Լեհաստան արտահանվում են նաև գինիներ, իհարկե ոչ այն պոտենցիալով, որն ունակ է ապահովել հայկական գինեգործությունը: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյան.«Ծավալները շատ քիչ են, չի համապատսխանում իրական այն պոտենցիալին, որ այսօր լեհական շուկան կարող է տալ Հայաստանին, բայց անընդհատ ակտիվանում է, մանավանդ խոսքը մրգային գինիների մասին է, որով շատ հետաքրքրված են լեհական շուկայում»:
Հայկական մրգային ու հատկապես հատապտղային գինիներով հետաքրքրված է գրեթե ողջ աշխարհը, այդ թվում նաև Ռուսաստանը, որը վերջերս հանեց վրացական գինիների նկատմամբ ունեցած էմբարգոն: «Երբ վրացական գինի դուրս եկավ ռուսական շուկայից, ռուսները շուկան ողողեցին նույն արժեքն ունեցող , սակայն ավելի որակյալ ֆրանսիական , իսպանական գինիներով»,- ասում է Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ փոխվել է նաև ռուս սպառողի քիմքը: Ճիշտ այն պահին, երբ թվում էր, թե հայկական գինեգործության համար դռներ են բացվել,- պարզվեց՝ սա միայն, թվում էր.«Երբ որ ռուսական շուկայում վրացիները չկային, մենք քնած էինք ուղտի ականջում, և մտածում էինք, որ այդպես էլ հավետ կլինի, և կամ ոչինչ չէինք անում, կամ էլ շատ դանդաղ ու սխալ էինք անում: Արդյունքում մենք կրկնապատկեցինք ծավալները, բայց դա ծիծաղելի է»:
Հատապտղային գինիներից ամենամեծ պահանջակը նռան գինին է վայելում, սակայն, այս դեպքում էլ նռան ծավալները չեն բավականացնում: Մինչ Հայաստանում մտորում են, ինչպես ավելացնեն նռան բերքատվության ծավալները, Թուրքիան ու Ադրբեջանը հմտորեն օգտագործում են իրենց բնակլիմայական պայմանները: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարծում է, որ կառավարությունը պետք է խնդիրը լուծի երկու ճանապարհով.«Մեկ այն հողերը, որոնք Արցախում, Մեղրիում և Նոյեմբերյանում ազատ են, նուռ աճեցնեն, և երկրորդ , վաղուց ցրտադիմացկուն սորտեր կան աշխարհում, որոնցից մի քանիսը կարող են շատ լավ դրսևորվել»:
Ծիրանի գինին, որն առայժմ երկու ընկերություն է արտադրում, նույնպես կարող է ոչ միայն լեհական շուկան գրավել, այլ նաև ամբողջ աշխարհի: Այնպես որ, գործարար կողմերը դեռ ունեն մի քանի օր ժամանակ, ավելի մոտիկից ծանոթանալոըւ հայկական աշխարհի բարիքների ու հետագա համագործակցության հնարավորությունների հետ: