Քաղաքական

Արմեն Մարտիրոսյանը հատուկ քննչական ծառայություն է կանչվել

Ապրիլի 9-ի միջադեպերի փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում Հատուկ քննչական ծառայություն է կանչվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: Գլխավոր Դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, դատախազության աշխատակիցները դատախազության շենքի առջև գտնվող ժառանգականներին առաջարկել են հանդիպում գլխավոր դատախազի հետ, նշել են, որ պատրաստակամ են լսելու նրանց հարցադրումներն ու բողոքները: Սակայն ,Ժառանգությանե անդամները հրաժարվել են հանդիպումից, նշելով, թե հստակ բողոք ու պահանջներ չունեն, քննարկելու ոչինչ այս պահին չկա, եկել են սատարելու Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման, ինքը ապրիլի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգություն» կուսակցության երթի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ու ստացել մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» հատկանիշներով՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի երկրորդ գումարտակի ոստիկան Արմեն Դանիելյանի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով:

Ըստ այդմ, ապրիլի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայից դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քայլերթի մասնակից քաղաքացիների կողմից բռնություն է գործադրվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button