ԿարևորՀասարակություն

Շրջանի ներկայացուցիչ.ՀՀ-ում փող ունեցող մարդկանց չի հետաքրքրում Քաշաթաղը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Քաշաթաղի շրջանի հիմնական խնդիրն այսօր վերաբնակեցումն է և նոր բնակիչների համար բնակարանային պայմաններ ապահովելը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Նա և «Մերան» պարբերականի խմբագիր Զոհրապ Ռքոյանը խոսել են Քաշաթաղի խնդիրների, առկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին: Նրանց կարծիքով ՝ շրջանում զարգացում կա, բայց՝ դանդաղ տեմպերով: Այդ զարգացումն, ըստ նրանց, համարժեք չէ այն պոտենցիալին ու առավելություններին, որ ունի Քաշաթաղը: Շրջանը ներդրումների համար բավական գրավիչ է, բայց հնարավորություն ուենցողներին քիչ է հետաքրքրում ՝ ասել է Մխիթարյանը:

Քաշաթաղի շրջանն Արցախի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այստեղով է անցնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հիմնական ավտոմայրուղին: Շրջանում 94 բնակավայր կա, որոնցից 53-ն ունի համայնքի կարգավիճակ: Կենտրոնը Բերձորն է , նախկին Լաչինը: Քաշաթաղի շրջանն ամենամեծն է Արցախում, և տարածությամբ մոտավորապես հավասար է ՀՀ Սյունիքի մարզին:

Շրջանում մինչև 18-րդ դարի կեսերը միայն հայեր են ապրել, ապա տարածքը սկսել է հայաթափվել ՝ պահպանելով հայկական միայն մի քանի գյուղեր: Խորհրդային շրջանում Քաշաթաղը հիմնովին հայաթափվել է: 1992-ին Լաչինն ազատագրվել է: Հենց այդ շրջանից էլ սկսվել են Քաշաթաղի վերաբնակցեման, տնտեսական զարգացման ծրագրերը: Քաշաթաղն այսօր մոտ 10 հազար բնակիչ ունի, չլուծված խնդիրները բազմաթիվ են: Բայց մինչ դրանց մասին խոսելը շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը նախ այս հողերի հանձնման մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեմային է անդրադառնում:

«Հողերը հետ տալու խոսակցություններ հաճախ են հնչում: Չեմ կարծում, որ կա մեկ հայ, որ պատրաստ լինի այդ հողերը հանձնելուն: Եթե կա այդ մեկը, մենք թույլ չեն տա, որովհետեև մենք ենք այդ հողի տերը և մենք ենք այնտեղ ապրում»:

Շրջանում կան հազարավոր, առաջինից մինչև 18-րդ դարը թվագրվող պատմական հուշարձաններ, մոտ 30 հայկական եկեղեցի կա ՝ կիսավեր կամ կանգուն: Պատմական այս կառույցները վերակնգնման կարիք ունեն՝ ասում է Քաշաթաղում լույս տեսնող «Մերան» պարբերականի գլխավոր խմբագիր Զոհրապ Ռքոյանն ու զարմանում. բազմաթիվ նոր եկեղեցիներ են կառուցվում, փոխարենը կարելի էր հները վերանորոգել:

«Մեր տարածքի պատմական հուշարձանները լավագույն վավերագիրն են տարածքի հայկական լինելու: Հազար անգամ տարբեր ձևերով դիմել ենք, որ գոնե ամրացվեն, բայց ոչինչ չի արվում»:

Շրջանը 53 դպրոց ունի, մոտ 1700 աշակերտ: Անցյալ տարի մոտ 40-ը պետական բուհեր են ընդունվել՝ ոչ առանց հպարտության նշում են շրջանի ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ հիմնական խնդիրը բնակարանայինն է և Քաշաթաղի վերաբնակեցումը: Մխիթարյանի կարծիքով ՝ վերաբնակեցման համար լավագույն տարիները 94 -96 թվականներն էին. այն ժամանակ վերաբնակիչների պահանջները մեծ չէին, դրանք ապահովելու հնարավորություններ կային, այսօր մեծացել են պահանջները, դրանք բավարարելն ավելի մեծ ներդրումներ է պահանջում:

«Մարդիկ գալիս են, յուրաքանչյուր նոր բնակիչ շատ ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, մեր հնարավորություններն այս առումով խիստ սահմանափակ են»:

Բնակլիմայական պայմանները Քաշաթաղի ներկայացուցիչներն ամենամեծ առավելությունն են համարում: Եվ դրանում համոզելու համար մեկ համեմատություն են անում. 2012-ին Հայաստանում ցանվել է 50 հազար հա հացահատիկ, Քաշաթաղի շրջանում ՝ մոտ 20 հազար:

«Սա այն շրջանն է, որը կարող է կերակրել Արցախին, Հայաստանին: Ինչու մեր բանակի զինվորը ապետք է անհայտ ծագման միս ուտի , երբ մեզ մոտ անծայրածիր արոտավայրեր ու խոտհարքեր կան»:

Քաշաթաղը Արցախի պարենային անվտանգությունն ապահովելու մեծ ներուժ ունի, անասնապահության զարգացման մեծ պոտենցիալ: Ցուցանիշներն, ըստ քաշաթաղցիների, վերջին տարիների ընթացքում կրկնապատկվել են, բայց տասնապատիկ ավելանալու ներուժ ունեն: Ի դեպ շրջանում գյուղեր կան, որոնք դեռ էլեկտրաֆիկացված չեն: Ընդամնեը օրեր առաջ է համայնքի սուղ միջոցներով լուծվել է գյուղերից ևս մեկի էլէտրաֆիկացման հարցը:

«Մենք շատ բան չենք ուզում. կարելի է չէ՞, գոնե այդ գյուղերի էլէկտարֆիկացման հարցը լուծել: Երկու օր առաջ մենք ևս մի մի գյուղի հոսանքի հարց լուծեցինք: Այդ գյուղում 9 դպրոցական կա: Երեխաների ուրախությունը պետք է տեսնեեիք: Չորրորդ դասարանցի մի երեխա կար, ուզում է դիզայներ դառանալ: Ասում է՝ արդեն կարող եմ համակարգչով նկարներ անել»:

Այս ամենի մասին խոսելուց հետո շրջանի ղեկավարը մի եզրակացություն է անում ու թերևս հերթական կոչն ուղղում մարդկանց, ովքեր Քաշաթաղում ներդրումներ անելու հնարավորություններ ունեն:

«ՀՀ-ում փող ունեցող մարդկանց չի հետաքրքրում Քաշաթաղը, մինչդեռ ներդրումների առումով մեր շրջանը շատ բարենպաստ է, շատ ճիշտ է ասված՝ թող մի տարի Մալդիվյան կղզիներ չգնան, իրենց հայրենիքին օգտակար լինեն: Գուցե չհամաձայնեք, բայց սա մեր կարծիքն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button