ԿարևորՀասարակություն

Սոկրատ Մկրտչյան.«Այսօրվա դասագրքերը պահպանում են պահանջված նորմերը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Տարրական դասարանների դասագրքերի մանկավարժական պահանջների մասին է այսօր խոսել 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Նա անդրադարձել է նաև տարրական դասարանների դասագրքերում առկա մանկավարժական մոտեցումներին, թերացումներին, ինչպես նաև առավելություններին: Նա հավաստիացրել է, որ այսօրվա դասագրքերը պահպանում են պահանջված նորմերը` թե բովանդակային, թե սանիտարակիգիենիկ առումով և նկատել, որ չնայած որոշ գրքերում առկա վրիպակներին, ուսուցիչների մեծամասնությունը դասագրքերից գոհ է:

1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը հաճախ է լինում դպրոցներում և վստահությամբ կարող է ասել, որ Հայաստանի հանրակրթական դրպոցներում առկա ավելի քան 120 անուն դասագրքերի մեծ մասը գոհացնում է ուսուցիչներին և կիրառվում նրանց կողմից: Իսկ այն դասագրքերը, որոնց մեջ կան վրիպակներ և չեն բավարարում պահանջներին, կազմակերպվող նոր մրցույթների արդյունքում դրանք պարբերաբար թարմացվում են ԿԳ նախարարության կողմից:

Սոկրատ Մկրտչյանը կարծում է, որ դասագիրք կազմելու ամենագլխավոր պահանջն այն է, որ դասագիրքը բովանդակային միջուկից բացի պետք է կարողանա լուծել նաև աշակերտի սոցիալականացման բազմաթիվ խնդիրներ: Այսինքն`դասագրքի առաջադրանքները կազմված են այնպիսի սկզբունքով, որ մաթեմատիկական գիտելիքներ տալուց բացի, դրանք օգնում են ուսուցիչներին լուծել նաև բազմաթիվ մանկավարժական խնդիրներ, որոնցից ամենակարևորը երեխաների սոցիալականացման՝ հասարակության անդամ դարձնելու խնդիրն է:

Սոկրատ Մկրտչյանը կարծում է, որ դասագրքերի կատարելագործմանը նպաստում են նաև ԿԳ նախարարության կողմից նորաստեղծ դասագրքերի համար կազմակերպվող մրցույթները: Դասագիքր կազմող յուրաքանչյուր խումբ հաշվի առնելով մրցակցին ձգտում է լավագույնին: Եվ այսօր էլ գրեթե բոլոր դասարաններում բացի հիմնական դասագրքից կան նաև այլընտրանքային դասագրքեր և ուսուցիչն ինքն է ընտրում, թե ում դասագրքով դասավանդի, նկատեց Սոկրատ Մկրտչյանը:

Ի դեպ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ դասագրքերը հրատարակելիս պարտադիր հաշվի են առնվում նաև Առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարահիգիենիկ նորմերը:

Անդրադառնալով վերջին շրջանում դասագրքերում առկա անհասկանալի և վիճելի առաջադրանքներին` Սոկրատ Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր առաջադրանք ունի իր նպատակը: Բազմաթիվ առաջադրանքեր նախատեսված են աշակերտ-ուսուցիչ և աշակերտ-աշակերտ ստեղծագործական քննարկումներ կազմակերպելու նպատակով, միաժամանակ դրանք կարող են դառնալ նաև մանկավարժական փոքրիկ հնարի կիրառում: Ըստ այդմ` նա կարծում է, որ մասնագիտական հիմնավորումներ տալու կարիք չկա, քանի որ նման առաջադրանքները պետք է քննարկվեն բացառապես մասնագիտական հարթության վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button