ԿարևորՀասարակություն

Սիրիահայերի զորակցության մարմինը հերթական դրամահավաքի կոչն է ուղղում ամբողջ աշխարհի հայերին

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Սիրիահայերի զորակցության մարմինը հերթական դրամահավաքի կոչն է ուղղում ամբողջ աշխարհի հայերին` Սիրիրայի հայ համայնքի կենսական կարիքները հոգալու նպատակով: ԱՄՆ արևմտյան ափի 10 հայկական կազմակերպություններ միավորող կառույցը մտադիր է դրամահավաքն իրականացնել մեծ համերգի միջոցով, որը տեղի կունենա հայտնի Dolby սրահում: Նրանց, ովքեր հեռավորության պատճառով չեն կարող ներկա լինել համերգին, կառույցը հորդորում է այդուհանդերձ, մասնակցել դրամահավաքին` նվիրաբերել որքան կարող են` հանուն պատերազմական գոտում գտնվող հայերին օգնելու նպատակի:

Արդեն երկրորդ տարին է` շարունակվում է սիրիահայերի ծանր վիճակը` ամեն օր պայթող ռումբերի ու մահվան վտանգի պայմաններում: Այդ վիճակի լրջությունն, ըստ ՄՆ-ի արևմտյան ափում գործող` Սիրիահայերի զորակցության մարմնի պատասխանատուների, ստիպում է հայտարարել ազգային աղետ` աշխարհի հայերի ուժերը միավորելու և սիրիահայերին օգնելու համար:

Զավեն Խանջյանի խոսքով, դեռևս չկա սիրիահայերի վիճակի իրական ծանրության գիտակցումը, դեռևս բավարար չափով չենք օգնում նրանց, մինչդեռ մեր աչքից հեռու, նրա բնորոշմամբ, տեղի է ունենում մեր ազգին պատուհասած հերթական ողբերգությունը: Սիրիահայության զորակցության մարմինը հայտարարեց դրամահավաքի հերթական նախաձեռնության մասին: Հոլիվուդի նախկին Կոդակ, այժմ` Դոլբի հեղինակավոր սրահում հունիսին կկազմակերպվի համերգ, որի հասույթը կուղղվի սիրիհայերի օգնության նպատակին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարի համույթը և Երևանից ժամանած երգիչներ: Դոլբին 3,5 հազար տեղանոց դահլիճը բարեգործական համերգին տրամադրում է մեծ զեղչով:

Անցած նոյեմբերին ստեղծված` Սիրիահայերի զորակցության մարմինը Կիլիկիո կաթողիկոսության միջոցով Սիրիայի հայ համայնքին ուղարկել է 450 հազար դոլար: Բարեգործական կառույցն ակնկալում է, որ հերթական նախաձեռնությանը կարձագանքեն ոչ միայն ՄՆ-ում, այլև այլ երկրներում ապրող հայերը` իրենց լուման ներդնելու պատերազմական գոտում ապրող հայրենակիցներին օգնելու գործում:

Back to top button