ԿարևորՀասարակություն

Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 48 տարեկան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արցախյան պատերազմի մասնակից, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 48 տարեկան: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսում Կրպեյանը միացել է Հայակական ազատագրական շարժմանը: Թաթուլը, կարևորելով ուսումը, այդ օրերին պատմություն է դասավանդել Գետաշենի 2 դպրոցներում: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր: Այսօր իրենց հիշողություններով լրագրողների հետ են կիսվել Թաթուլի մարտական ընկերներն ու դուստրը:

1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Ղարաբաղ, որտեղ էլ վիճակը շարունակում էր վատանալ:Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 –ի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշեն-Մարտունաշեն ինքնապաշտպանությունը`ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանանական խմբավորումների: Մարտը թեժ էր, սակայն քաջ մարտիկը վայրկյան անգամ չի մտածել հողը զիջելու մասին: Քաջի մահով ընկել է 1991 թվականի ապրիլի 30-ին «կոլցո» օպերացիայի ժամանակ: Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը 1 տարեկան 2 ամսական է եղել, երբ զոհվել է հայրը: Կենդանի հիշողություններ չունի, սակայն մոր` Իրինայի պատմածով, հայրը կենդանի է դստեր կյանքում: Ես հպարտ եմ, որ ազգային հերոսի դուստր եմ, ասում է Ասպրամ Կրպեյանը:

Ասպրամը պատմում է, որ հայրն է որոշել իր անունը և այդ օրվանից իր համար որոշակի ուղի է կանխորոշվել: Հորս ու իմ միջև անմիջական կապն անխաթար է եղել, ասում է Ասպրամը: Թաթուլ Կրպեյանի մարտական լիբանանահայ ընկեր Սիմոն Գաֆալեանը հիշում է, որ իր և Թաթուլի առաջին համդիպումը եղել է Երևանում, իսկ այնուհետև Գետաշենում: Թաթուլի նման տղերքն իրենց կյանքով պաշտպանեցին Գետաշենը և օրինակ ծառայեցին, որ ապագա սերունդն այդ ոգով մեծանա, այլ ոչ թե հայկական սերիալներով, ընդգծեց Թաթուլի մարտական ընկերը և նշեց, որ Թաթուլի կերպարը պետք է լինի դաստիարակիչ օրինակ:

ԼՂՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր ապարանցի Պավլիկ Մանուկյանն էլ նշեց,որ դժվարանում է խոսել ազգային 2 հերոսների` Թաթուլ Կրպեյանի և Կարոտ Մկրտչյանի մասին: Խորհրդային միության դեսանտային զորամասերում ծառայած ապարանցի Պավլիկը, լինելով զենքի վարպետ, երբ տեսել է Թաթուլին զգացել է, թե ինչքան է զիջում վերջինիս:

Թաթուլն անքուն գիշերներ է անցկացրել Գետաշենի պաշտպանության համար, ասում է ազատամարտիկը: Վերջինիս խոսքով` Թաթուլը տիրապետում էր կառավարման մի այնպիսի համակարգի, որ բոլորը սիրով ենթարկվում էին նրան, նրա յուրաքանչյուր խոսքը ճշմարտացի էր: Ազգային հերոսի շիրիմը պետք է շատերի համար ուխտատեղի լիներ, ասում է ընկերը:

Ցուցադրել ավելի
Back to top button