Հասարակություն

Վերջին տարիներին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների շարունակական նվազման միտում է արձանագրվել

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Վերջին տարիներին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների շարունակական նվազման միտում է արձանագրվել, որը պահպանվում է նաեւ այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով: Այս մասին այսօր հայտարարել է Ոստիականության անչափահասների գործերով բաժնի պետ Արթուր Վարդանյանը` ամփոփելով եռամսյակային տվյալները:

Հանցագործություն կատարող անչափահասները սերում են տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքներից` եւ ապահովված եւ անապահով: Այս առումով տարանջատելը գրեթե անհնար է: Անհնար է տարանջատելը նաեւ, որ հանցագործությունները ծնող պատճառները սոցիալական են` ասում է Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Արթուր Վարդանյանը: Նրա խոսքով` անցած երեք ամիսներին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում:

Արձանագրված 80 դեպքերի գերակշիռ մասը` 39 դեպքը, գողության` մանր հափշտակության դեպքեր են: Անչափահասի կողմից կատարված կողոպուտի 1 դեպք է արձանագրվել, խարդախության` 2, խուլիգանության` 2 դեպք: Արթուր Վարդանյանի փոխանցմամբ` անցած երեք ամիսներին արձանագրվել է անչափահասի կողմից կատարված ավտոմեքենայի առեւանգման մեկ դեպք:

Ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչը շեշտեց, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազման միտումը պայմանավորված է առավելապես անչափահասների գործերով ծառայության կողմից իրականացվող լայնածաված աշխատանքներով: Աշխատանքներ կատարվում են թե բնակության վայրերում, թե ուսումնական հաստատություններում: Աշխատանքները նաեւ լուսաբանվում են լրատվամիջոցներով: Արթուր Վարդանյանի խոսքով` այդ ամենը նպաստում է բնականաբար անչափահասների իրազեկվածությանը, ինչն իր հերթին նպաստում է, որ վերջիններս զերծ մնան հանցավոր արարքներ կատարելուց: 

Արթուր Վարդանյանի փոխանցմամբ` կան, իհարկե, նաեւ դեպքեր, երբ անչափահասը հանցագործության մեջ է ներգրավվում մեծահասակի կողմից: Նա վստահեցրեց, որ նման հանգամանքները չեն կարող վրիպել ոստիկանության ուշադրությունից եւ այդպիսիք բացահայտվում են եւ պատժվում օրենքի ողջ խստությամբ: Նա նաեւ շեշտեց, որ նման դեպքեր միշտ էլ քիչ են եղել: Արթուր Վարդանյանի խոսքով` դպրոցական տեսուչների համակարգի ներդրման արդյունքում զգալի է դրական շարժը: 13 դպրոցում ներդրվել է տեսուչի հաստիք, որից հետո 11 դպրոցում որեւէ դեպք չի արձանագրվել: Արդյունքներն առավել ակնհայտ կլինեն տարվա վերջում: Ոստիկանության անչափահասների բաժնի պետը վստահ է, որ տարվա ավարտին հնարավոր կլինի խոսել անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների`  ավելի մեծ թվերով նվազման մասին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button