Հասարակություն

Սահմանամերձ այս գյուղում երբևէ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ սեփական տանն ապրելն այսքան վտանգավոր կլինի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պատերազմի և խաղաղության լուսաբաման ինստիտուտի՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր կազմակերպած լրագրողական այցի շրջանակներում մեր թղթակիցը հանդիպել ու զրուցել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ Վաչիկ Մելքումյանի հետ, ով մեկն է այն բազմաթիվ գյուղացիներից, ովքեր ադրբեջանցիների արձակած գնդակներից վիրավորվել, այժմ էլ չի բացառվում, որ վիրավորվում են են իրենց իսկ հողամասերում աշխատելիս:

Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Վաչիկ Մելքումյանը պատմում էր, թե իր հետ ինչ տեղի ունեցավ 2012թ հունիսի մեկի առավոտյան: Այդ օրը զրուցակիցս սովորական նման հողամաս էր շտապել: Ժամը պատահական չէր ընտրել, այստեղ բոլորը գիտեն, Ադրբեջանի դիրքերից 600 մետր հեռու գտնվող «Գյունաշ» կոչվող դիտակետից այս գյուղի բնակիչների վրա կարող են կրակել օրվա ցանկացած ժամի, դրա համար սարերում տեղակայված ադրբեջանական դիքերից միայն պետք է որևէ խաղաղ բնակչի նկատել: Հերթական խաղաղ բնակիչն, ով այգում աշխատում էր, ինչպես նշեցի , Վաչիկ Մելքումյանն էր, ում ոտքն էր վիրավորվել: Հակառակորդը փորձել էր կրակել նաև իրենց համագյուղացուն օգնության եկածներին, սակայն, բարեբախտաբար վրիպել էր:

Ադրբեջանական սահմանին դեմ-հանդիպման գտնվող տան անդամները կրակոցի ձայնը լսել են, տղան գիտեր, որ հայրը այգի է գնացել, փորձեց ինչ-որ բան իմանալ, սակայն, չհասցրեց, լուրը կողքի հարևանից իմացավ , երբ վիրավորին արդեն տեղափոխել էին Բերդի զինվորական հոսպիտալ:
Անցել է գրեթե մեկ տարի, սակայն, այս ընթացքում պատկան մարմիններից որևէ մեկը չի հետաքրքրվել իր այգում աշխատելիս վիրավորված բնակչի ճակատագրով: Մի անգամ միայն զանգահարել են ՀՀԿ-ի գրասենյակից :

Սահմանամերձ այս գյուղում երբևէ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ սեփական տանն ապրելն այսքան վտանգավոր կլինի, երբ հանգիստ չեն ունենա ոչ գիշերը, ոչ ցերեկը, հայրենի գյուղում հանգիստ չեն կարողանա քայլել ոչ մեծերը և ոչ էլ փոքրերը: Ապրում են ափսոսանքն ու վախը սրտում, սեփական հողերը մնացել են կրակի տակ, չեն կարողանում մշակել, գիտեն, որ ցանկացած պահի կարող է կրակ տեղալ ցանկացած մեկի գլխին՝ անկախ նրանից երեխա է, կին, թե տղամարդ:

Այս գյուղում դեռ կան երիտասարդներ, ովքեր ընտանիք են կազմել, ու այստեղ էլ ապրում են: Նրանք, սակայն, չեն ցանկանում, որպեսզի իերնց երեխաները նույնպես ունենան այն ճակատագիրը ինչ ունեցել են իրենք՝ մշտական վախ, ստրես, անհանգստություն:

Ցուցադրել ավելի
Back to top button