Հասարակություն

Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ, հայտնում են գլխավոր դատախազությունից։

Փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, 2013թ. ապրիլ ամսվա ընթացքում «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ծանոթացել է անչափահաս՝ 2004 թվականին ծնված Կարենի հետ (անունը փոխված է) և համացանցային նամակագրության միջոցով վերջինիս հետ քննարկել հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձևերի եւ սեռական օրգանների մասին։

Բացի այդ, նույն կայքի միջոցով նույն անձը Կարենին ցուցադրել է մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութ` չիմանալով, որ վերջինիս փոխարեն նամակագրությունն իր հետ վարում է նրա հայրը:

Նախապատրաստված նյութերով ապրիլի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազության համապատասխան վարչության աշխատակիցների համատեղ մշակած համալիր գործողությունների ծրագրի և օպերատիվ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վերը թվարկված գործողությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ Միքայել Ա.-ն։ Վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավված համակարգչի զննությամբ հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող բազմաթիվ տեսանյութեր։

Միքայել Ա.-ն ապրիլի 19-ին ձերբակալվել է։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button