ԿարևորՏնտեսական

Հայկական ավիացիայում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում ԱՄՆ դեսպանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում դրական փոփոխություններ են անհրաժեշտ, այսօր Երեւանում զբոսաշրջային հարցերով համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա անկեղծորեն նկատել է, որ ավիատոմսերի գները Հայաստանում բարձր են, ծառայությունները հրաշալի չես անվանի, իսկ օդանավակայանում պահանջվող ժամանակը երկար է տեւում: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ոլորտի ազատականացումը կբերի գների նվազման, եւ այդ պարագայում ավելի շատ մարդիկ կօգտվեն զբոսաշրջային ապրանքներից:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կարծիքով էլ՝ «Արմավիա» ազգային ավիափոխադրողի չվերթերի դադարեցումը չի ազդել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի վրա: Նա նշել է, որ իրենք կապի մեջ են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելություններ կազմակերպող մասնավոր հատվածի հետ եւ բողոքներ, տուրիստական հոսքերի չեղյալ հայտարարված ամրագրումներ չունեն:
Փոխնախարարը կարծում է, որ «Արմավիայի» բացը հաջողությամբ լրացնում են մյուս ավիաընկերությունները, որոնք հնարավորություն են ստացել ավելացնել իրենց թռիչքների հաճախականությունը:
Արա Պետրոսյանն արձանագրում է, որ զբոսաշրջիկների նոր հոսքեր են սկսել ուղղվել Հայաստան Ավստրիայից, Բելգիայից, Լատինական Ամերիկայից:
Էկոնոմիկայի փոխնախարարը հերթական անգամ հայտարարե է, թե Հայաստանի հյուրանոցների առաջարկած գները 10-15 տոկոսով ավելի ցածր են Վրաստանի նմանատիպ հյուրանոցների գներից: Ասել է, թե դրանում իրենք համոզվել են հերթական գնահատումների արդյունքում: Իսկ որ հայերը գերադասում են հանգստանալ վրացական լողափերին, դա փոխնախարարը բոլորովին այլ կերպ է պատճառաբանում` Սև ծովը եւ Սևանա լճի բարձրադիր կուրորտը համեմատելի չեն:
Այս դիտարկումների հետ անուղղակիորեն համաձայն չէ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները հրաշալի չես անվանի. լրագրողների հետ զրույցում անկեղծացել է դեսպանը:

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանին օդային սահմանների ազատականացման հարցում, ինչը կօգնի ավիատոմսերի բարձր գների նվազեցմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button