Միջազգային

Իվանիշվիլիին մեղադրում են քաղաքականությունը «հայկականացնելու» մեջ

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Այսօր Վրաստանի նախկին իշխանությունները` նախագահ Միխաիլ Սահակաշիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը, հանրահավաք է անցկացնելու Թբիլիսիի կենտրոնում: Կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել բնակչությանը հավաքվել Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի նախկին շենքի մոտ` երկրի արևմտյան ուղին և ազգային շահերը պաշտպանելու համար: Կազմակերպիչները սակայն ասել են, որ ակցիայի վերաբերյալ ամեն ինչ չեն բացահայտում. անակնկալ կլինի:

«Ներկա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի զանգվածային հանրահավաքը տեղի չունենա: Սկսվել են ճնշումներ ու հետապնդումներ «Ազգային շարժման\ ակտիվիստների նկատմամբ,-հայտարարել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Նա ասել է, որ հանրահավաքը ցույց կտա, որ ժողովրդի կամքը չի կոտրվել և «մենք ցանկանում ենք անդամակցել եվրոպական կառույցներին»:

Ի դեպ` Վրաստանի նոր իշխանությունը Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ բազմիցս հայտարարել է Ռուսատանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, թեև չի էլ հրաժարվել արևմտամետ ուղեգծից: Սակայն նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում են ՆԱՏՕ-ից ու Եվրոպայից արտաքին քաղաքական ուղին հեռացնելու, ինչպես նաև այն «հայկականացնելու» մեջ: Նման հայտարարության առիթ Սահակաշվիլիին տվել է Իվանիշվիլիի կողմից այս տարեսկզբին Հայաստանում արած հայտարարությունը, որ «բարի նախանձով» է հետևում, թե ինչպես է Հայաստանը միաժամանակ լավ հարաբերություներ պահում Ռոսւաստանի և ՆԱՏՕ-ի հետ՝ հավելելով նաև, որ Հայաստանն այդ հարցում կարող է օրինակ ծառայել Վրաստանին:

Այսօր Թբիլիսիում ժամը 16:00 -ին կազմակերպվելիք հանրահավաքի հիմնական բանախոսները կլինեն նախկին իշխող կուսակցության քարտուղար Վանո Մերաբիշվիլին և նույն կուսակցության անդամ Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Դեռևս հակասական են այն լուրերը, թե արդյո՞ք նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կհիշի իր երիտասարդ տարիներն ու ելույթ կունենա ակցիայի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button