Դաշնակցության կոչը ամերիկահայերին.ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել


Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ի նշան հարգանքի, փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, կառույցը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ապիլի 24-ը բոլոր հայերի համար պետք է տարբերվի մյուս օրերից. մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց առօրյա հոգսերն ու զբաղմունքը և հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանությանը զոհ դարձած 1, 5 միլիոն հայերի հիշատակին:
«Մեզ բոլորիս համար ապիլի 24-ն այն օրն է, որ մենք պետք է ոգեկոչենք մեր նահատկների սուրբ հիշատակը. դա այն օրն է, երբ մենք գնահատում ենք մեր անձնական և համընդհանուր կորստի չափը և այն ժամանակն է, երբ մենք պետք է վերանայենք մեր ներկան և ուղեգծենք մեր պայքարի հետագա ընթացքը՝ հանուն արդարության և մեր իրավունքների վերականգնման: Ապրիլի 24-ին անձնական նպատակներով արձակուրդ ձևակերպելով, աշխատանքի չհաճախելով կամ սեփական ձեռնարկությունները փակելով՝ մարդիկ համազգային սգո օրվան վայել դիրքորոշում են արտահայտում: Այդուհանդերձ, որոշ հայեր շեղվել են այդ ավանդույթից, և այդ օրը սովորականի նման հաճախում են աշխատանքի: Ապրիլի 24-ը որևէ հայի համար չի կարող սովորական օր լինել, այդ իսկ պատճառով մենք մեր համայնքին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր նահատկված նախնիների հիշատակը հարգելու ավանդույթին և այդ օրը փակել բոլոր մասնավոր ձեռնարկությունները և մասնակցել հիշատակի միջոցառումներին»,-ասված է Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ: