ԿարևորՀասարակություն

Հուշարձանների պահպանությունը միայն գումարից չէ կախված

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը: Նպատակն է հասարակությանը հիշեցնել, որ պետք է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը ստեղծվել է մարդկության պատմության ընթացքում՝ աշխարհի ժողովուրդների ջանքերով:
Ապրիլի 18-ը նաև պրոֆեսիոնալ տոն է բոլոր նրանց համար, ում աշխատանքը կապված է մշակութային ժառանգության պահպանման հետ:
Խոսելով հուշարձանների  և պատմական վայրերի պահպանության կարևորության մասին` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նկատեց, որ հայրենիքը սիրելու համար նախ պետք է ճանաչել այն, այնինչ մենք ամենանվազ հայրենաճանաչ երկիրն ենք:
Պատմելով իր դպրոցական տարիների մասին՝ Սամվել Կարապետյանը հիշեց, որ տասը կոպեկանոցները տնտեսելով, կողմացույց ու քարտեզներ վերցնելով՝ արշավների է մեկնել ընկերների հետ: Իսկ այժմ իր այդ ընկերներից ոչ մեկը չի լքել Հայաստանը, որովհետեւ հասցրել են ճանաչել հայրենիքը, ասաց նա՝ հավելելով, որ կուզենար գոնե 5 րոպեով կրթության և գիտության նախարար լինել:
Այդ ժամանակահատվածում նա կհրահանգեր հանրակրթական բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի երեխաներին արշավների տանեն, քանի որ վստահ է` հուշարձանների անմխիթար վիճակի հիմնական պատճառը անտարբերությունն է ու անուշադրությունը հասարակության կողմից։

Ի դեպ` Սամվել Կարապետյանը նկատեց, որ հուշարձանների պահպանությունը միայն գումարներից չէ, որ կախված է: Շատ ավելի կարևոր է ազգի բարոյական մակարդակը, նվազագույն հարգանքն ու ճաշակը, ինչը, ըստ հուշարձանագետի, այսօր բացակայում է։

Ցուցադրել ավելի
Back to top button