Կարևոր

Լեւան Բերձենիշվիլի. «Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի խորհդարանում երբեք չի բարձրացվի» (լրացված)

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանում հայկական կազմակերպություններրի կողմից խորհրդարանին ուղղված դիմումը` ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը, բուռն քննարկումների առիթ է դարձել:  Արձագանքել են նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները` անհավանական համարելով Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը:

Վրաստանի  վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ասել է, որ ինքը քննադատել է նախկին իշխանություններին չերքեզների ցեղասպանությունը ընդունելու համար՝ գտնելով, որ ավելի արդարացի կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Սակայն դա չի նշանակում, որ  մենք պետք է ընդունենք հայերի ցեղասպանությունը. մենք չենք ուզում ավելորդ լարվածություն ստեղծել տարածաշրջանում, ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ և Հայաստանի, և Թուրքիայի հետ»:  Դրա համար, ըստ նախարարի, կան հարցեր, որոնց մասին որոշումներ կայացնելուց  պետք է խուսափել:

Խորհրդարանական մեծամասնության, Հանրապետական կուսակցության անդամ Լեւան Բերձենիշվիլին ասել է,  որ  «Վրաստանը եւ վրաց ազգը այս հարցի վերաբերյալ Հայաստանին ու հայ ազգին նկատողության տեղիք չի տվել: Նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այս իրադարձությունները, մենք վարվում էինք այնպես, ինչպես հարիր է բարյացակամ հարեւանին ու պարկեշտ ազգին: Մենք ապաստան տվեցինք նրանց եւ այդ կերպ արտահայտեցինք մեր վերաբերմունքը: Քաղաքական տեսակետից, սրանից ավել պահանջելնանարդար է»:
Պատգամավորը  Հայոց Ցեղասպանության ճանաչումը քաղաքականապես անհավանական է համարել և նշել, որ Վրաստանի այս իրավիճակում չի ճանաչում որևէ կուսակցություն, որը երբևիցե դա կանի: «Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում երբեք չի բարձրացվի»:
«Ճիշտն ասած, լավ կլինի եթե մեր հարեւան ժողովուրդը մի քիչ առաջ նայի, որովհետեւ անցյալում ով է ստեղծել վրացական այբուբենը, ով ում է օգնել եւ այլ հարցեր չպիտի այսքան շատ շոշափենք ու չմնանք անցյալում: Մենք հարգում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել, մենք կիսում ենք մեր հարեւան ազգի վիշտն եւ ապրիլի 24-ը ինձ համար նույնքան ցավալի օր է, որքան ցանկացած հայի համար, սակայն ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չի դրվելու ոչ հիմա, ոչ էլ երբեւէ եւ սա իմ կարծիքն է: Սա վիրավորական չէ, բայց անկեղծ պահանջ չէ, քանի որ անհնար է այն իրագործել»:

Իսկ Խորհրդարանական փոքրամասնության անդամ Շոթա Մալաշխիան հայտարարել է, որ լավ կլինի, եթե Վրաստանի  ոչ կառավարական կազմակերպությունները դիմեն Հայաստանի Ազգային ժողովին, պահանջելով վրացիների էթնիկ զտումների եւ ցեղասպանության ճանաչում: «Գոյություն ունի այս փաստերը ապացուցող տեսանյութ, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ շատ այլ երկրներ ընդունել են բանաձեւ եւ այլն: Սա կենդանի փաստ է, որի մասին տեղյակ ենք բոլորս»:

Մալաշխիան կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան այս հարցը պիտի լուծեն երկխոսության միջոցով, միևնույն ժամանակ ասել, որ այս պահին Վրաստանը չունի բավարար կշիռ այս հարցը ապացուցելու համար.

«Մենք ինքներս ունենք բազմաթիվ խնդիրներ, կես միլիոն փախստականներ եւ այլն, եւ եթե տարածաշրջանում ունենանք այնքան կշիռ ու ազդեցություն, որ որոշ 1915 թվականի հարցեր քննարկենք ու եթե ես այդ պահին կենդանի լինեմ, իսկ դուք դեռ այս կարգավիճակը ունենաք, եկեք եւ մենք կշարունակենք խոսել այս հարցի շուրջ»:

Ցուցադրել ավելի
Back to top button