Հակակարկտային կայանների շահագործման խնդիրները


Սաթիկ Իսահակյան
Արմավիրի մարզ
«Ռադիոլուր»
Գազալիցքավորման խնդիրները, շահագործման ու սպասարկման հետ կապված քաշքշուկները խոչընդոտում են հակակարկտային կայանների գործարկումը: Պատճառը համայնքների կողմից կուտակված պարտքերն են, որոնք գոյացել են կայանները գազով ապահովելու պատճառով: Գազալիցքավորումն իրականացնում են համայնքների ղեկավարները համայնքային բյուջեի միջոցներով: Համայնքների ղեկավարներն առաջարկել են պարզություն մտցնել այս գործում:
Մթնոլորտային առատ տեղումները վերջին օրերին տեղ են գտել հանրապետության տարածքում, դրանք հաճախ ուղեկցվում են կարկուտով, որը տարերային աղետներից ամենամեծ վնասն է հասցնում գյուղատնտեսությանը: Կարկտաբեր ամպերի դեմ պայքարի միակ միջոցը հակակարկտային կայաններն են: Արմավիրի մարզի կարկտից հաճախ տուժող համայնքների մեծ մասն արդեն ունեն կայաններ: Մարզում տեղադրվել է հակակարկտային 99 կայան, զգալի մասը` պետական բյուջեի միջոցներով: Կարկտաբեր ամպերը մարզի տարածք մտնում են հիմնականում հարավ-արևմուտքից, որոնց առկայությունը ստուգվում է մարզի հակակարկտային կենտրոնում ռադիոլոկացիոն սարքերի միջոցով:
Արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության Արմավիրի հակակարկտային կենտրոնի պետ Միհրան Նաջարյանը նշեց, որ կարկտաբեր ամպերը չեզոքացնում են հեռակառավարման վահանակի միջոցով: Կազմակերպությունը սպասարկում է , իսկ շահագործման ծախսերը` հեղուկ գազի գնման, տեղափոխման, պահպանության ծախսերը ըստ պայմանագրի իրականացնում են համայնքների ղեկավարները:
Ներկայում հակակարկտային կայաններ ունեցող գյուղերում խնդիրներ են առաջացել կայանների շահագործման ու սպասարկման հետ կապված: Խնդիրը տեխնիկականից բացի, հիմնականում ֆինանսական է և համայնքները չեն կարողանում կայանները լիցքավորված գազով ապահովել, որն իրականացնում են համայնքային բյուջեի հատկացումներով: Հեղուկ գազի գնման դիմաց փոխանցվող գումարները ձգձգվում են: Կուտակված պարտքերի ու համայնքային բյուջեների սղության պատճառով և կայանների անգործությամբ դարձյալ տուժելու է գյուղացին` ներդրումներ կատարելով գյուղատնտեսության մեջ: Խնդիր հետ կապված իր մտահոգությունը կիսեց Շենիկի գյուղապետ կորյուն Մինասյանը: Նա նշեց, որ գնային քաղաքականությունն այս գործում պարզեցված չէ, ինչն էլ քաշքշուկի պատճառ է դառնում:
Մեկ հակակրկտային կայանը ծածկում է մինչև 500 մ շառավղով տարածք կամ 80 հա: Գյուզապետերը, որոնք ունեն հակակարկտային կայաններ, դժգոհեցին գազի լիցքավորման թանկացումից և սպասարկման ու շահագործման խնդիրներից: Գազի լիցքավորման 1կգ-ի արժեքը տատանվում է 580 դրամից մինչև 264 դրամի միջև: «Բութան» ՍՊԸ առաջարկել է մատչելի գներով ու պայմաններով համագործակցել Արմավիրի մարզի հակակարկտային կայաններ ունեցող գյուղապետերի հետ: Ընկերության ներկայացուցիչ Հայկ Ավագյանը առաջարկեց եռամսյակային կամ կիսամյակային պայմանագրեր կնքելհեղուկ գազի լիցքավորման նպատակով, իսկ արժեքը վճարել 20 օվա ընթացքում: Հակակարկտային կայանների համար օգտագործվող գազի տեսակարար կշիռը պետք է լինի 60:40 հարաբերության, որտեղ պրոպան տեսակի գազի քանակն ավելին է բութանից և ապահովում է բարձր ճնշում կայանների ճիշտ աշխատանքի համար:
Սովորաբար հակակարկտային կայանները պատրաստ վիճակում են լինում մարտի սկզբին: Նոր Կեսարիայի գյուղապետ Հրայր Գալստյանը տեղեկացրեց, որ համայնքում վերջին 3 տարում տեղադրվել է հակակարկտային 5 կայան` 750 հա մշակովի հողատարածքները կարկտից պաշտպանելու նպատակով: Մինչ այդ մշակովի հողերը կարկտից հաճախ են վնասվել` ունենալով զգալի կորուստներ: Սակայն, գյուղապետի հավաստմամբ, այժմ կարկուտից լիովին պաշտպանված են:
Ինչևէ, խնդրի լուծումը հրատապություն է պահանջում, քանի որ կարկտաբեր ամպերն արդեն շարժվում են մարզի ուղղությամբ, իսկ անհասկանալի քաշքշուկը կապված գնային քաղաքականության, կայանների սպասրկման ու շահագործման հետ, կարող է անդառնալի կորուստների հանգեցնել :