Քաղաքական

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամության թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԿԸՀ-ն, ի թիվս օրակարգային այլ հարցերի, այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամության թեկնածու Գուրգեն Մանուկի Վարդանյանի գրանցումը: ՕԵԿ ցուցակում ընդգրկված Երեւանի ավագանու անդամության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա: ԿԸՀ-ն այսօրվա նիստում նաեւ անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումին: ԲՀԿ լիազոր ներկայացուցչի կողմից ստացված դիմումով ԿՀԸ-ն տեղեկացվել է, որ Երեւան քաղաքում, մասնավորապես, Կենտրոն վարչական տարածքում Երեւանի ավագանու ընտրությունների համար գովազդային նպատակով քաղաքապետարանի կողմից առանձնացված որոշ գովազդային տարածքներում ԲՀԿ գովազդային պաստառների վրա փակցվել են ՕԵԿ-ի քարոզչական պաստառները:

ԲՀԿ-ի լիազոր ներկայացուցիչը տվյալ դիմումով պահանջել է վերացնել օրենքի խախտումն ու բացառել հետագայում նման դեպքերի կրկնությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ լիազոր ներկայացուցչի դիմումի համաձայն վարույթը հանձնաժողովը որոշել է կարճել, քանի որ մինչ դիմումը ստանալն արդեն նման ահազանգ ստացվել էր նաեւ «Առաքելություն» կուսակցությունից, որի հիման վրա ԿՀԸ-ն, երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել է շրջայցեր բոլոր վարչական շրջաններ, պարզել քարոզչական պաստառների մասով իրավիճակն ու վերացրել գոյություն ունեցող օրենքի խախտումները: Կան նաեւ դրանց տեսալուսանկարահանումները:

Back to top button