

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստան- Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների հաջող ավարտից Հայաստանը միայն կշահի: Սա Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեի համոզմունքն է:
Եվրոպական կողմի բանակցողի գնահատմամբ` բանակցությունները մեծ հաջողությամբ են ընթանում, ինչն էլ հուսադրում է, որ դրանք արդեն այս տարի էլ կավարտվեն:
Հայաստանը Եվրամիության հետ բանակցություններում վերջնական դրական պատասխան ստանալու համար դեռ կարիք ունի վերանայել իր մոտեցումները տնտեսական, բնապահպանական եւ այլ խնդիրների ուղղությամբ, ինչին եւս ԵՄ-ն պատրաստ է աջակցել:
Եվրոպական կողմի բանակցողն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե հատկապես որ հարցերի շուրջ են դժվարություններ առաջանում բանակցությունների ընթացքում:
«Պետք է առանձնացնել մտավոր սեփականության խնդիրները, նաեւ` Հայաստանի եւ ԵՄ միջեւ առեւտրի սակագնային քաղաքականության ազատականացման հետ կապված որոշ հարցեր: Բայց չենք կարծում, որ որեւէ առաջադրանք կարելի է հեշտ համարել: Յուրաքանչյուր խնդիր իր դժվարություններն ունի: Սակայն պետք է կարեւորել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների փուլը արդեն ավարտված է,- ասում է նա։
Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր հերթին ընդգծեց, որ բանակցությունների սեղանին բավական ծավալուն փաստաթուղթ է: Խոսքը մի քանի հարյուր էջի մասին է: Ըստ նրա` միայն այդ տեխնիկական հարցերը եւ քննարկվող հարցերի լայն շրջանակը նկատի առնելով` չի կարելի ասել, թե բանակցությունները ձգձգվում են:
Փոխնախարարն ակնկալում է դրական տեղաշարժերի ականատես լինել արդեն առաջիկա 1-2 տարում: Իսկ մինչ այդ՝ Հայաստանն արդեն աշխատում է տարբեր օրենքների բարելավման եւ «խաղի կանոնների» հստակեցման ուղղությամբ։
ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը առևտրային պայմանավորվածություն է, որի միջոցով ԵՄ-ն 176 երկրների Եվրամիության շուկա արտոնյալ մուտք է տրամադրում` նվազեցնելով դրանց ապրանքների սակագները ԵՄ շուկա մուտք գործելիս:
Չկա ոչ մի ակնկալիք կամ պահանջ, որը պետք է հատուցվի: Սակայն Եվրամիության այս «բարեհաճությանն» արժանանալու համար տվյալ երկրները պետք է վավերացնեն և արդյունավետորեն կիրառեն մարդու իրավունքներին, աշխատանքային հիմնական չափանիշերին, կայուն զարգացման և լավ կառավարման բնագավառներին առնչվող 27 միջազգային կոնվենցիաները։
Երեւանում ակնկալում են, որ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները, կհասցնեն ավարտել մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը։