Մշակույթ

Դովլաթովի բազմանշանակ լռությունը սկիզբ է առել Հայաստանից. ռուսական թատրոնի պետերբուրգյան հայտնությունը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ապրիլի 8-12-ը մասնակցել է Սանկտ Պետերբուգում կայացած «Հանդիպումներ Ռուսաստանում»  միջազգային 15-րդ փառատոնին: Երևանյան թատրոնը պետերբուգյան հանդիսատեսին ներկայացել է Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների  հիման վրա ստեղծված «Աբանամատ» ներկայացումով:
Դովլաթովի գրական ժառանգությանը քաջածանոթ տեղի հանդիսատեսի առաջ սա լուրջ քննություն էր, որը Ստանիսլավսկու անվան թատրոնի կոլեկտիվը հանձնել է մեծ հաջողությամբ: Փառատոնից վերադարձած թատրոնի գեղարվեսըական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ու գրողի կերպարը մարմնավորող թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն այսօր կիսվել են տպավորություններով:
Ալեքսանդր Գրիգորյանիը պատահական չի համարում Դովլաթովին ներկայացնելու որոշումը։

«Որոշումը պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանում Դովլաթովի հայկական արմատների մասին գրեթե ոչինչ չգիտեն: Քաջածանոթ են նրա ստեղծագուրծություններին, բայց դրանցում առկա հայկական հոգին նրանց անծանոթ է: Այս ներկայացմամբ մենք փորձեցինք նրանց համար բացահայտել հենց այդ հոգին: Բեմադրությունից հետո շատերն էին մոտենում մեզ և ասում` ահա թե որտեղից է սկիզբ առնում  այդ ընդվզուն, մտավոր անսպառ կարողություններով ու ներդաշնակությամբ օժտված մարդու հոգին, ահա թե որտեղից է սկիզբ առել այդ տխուր Դովլաթովը, նրա բազմանշանակ լռությունը. իհարկե Հայաստանից»:

Ռուս հայտնի քննադատ Յուրա Կոպեցը ներկայացումից հետո ասել է.«Սա նման էր շամպայնի, մեկնարկից հետո ես չհասցրի անգամ ուշքի գալ , երբ ավարտն ինձ պարզապես ծնկի բերեց: Ես այժմ նույնպես հայ եմ ամբողջությամբ»։
Ներկայացմանն մեջ գրողի կերպարը մարմնավորած Ֆրեդ Դավթյանը սա իր ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկն է համարում:
«Մենք հաճախ ենք շրջագայում, բայց Սանկտ Պետերբուրգն առանձանանում է: Սերգեյ Դովլաթովի ստեղծագործություններին քաջածանոթ պետերբուրգյան բծախնդիր ու քմահաճ հանդիսատեսի առաջ այս  ներկայացմամբ հանդես գալը  լուրջ քննություն էր, որը, կարծեք, հանձնեցինք: Կարող ենք ասել` ստացվեց»:
«Մինչ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումը ես չգիտեի` ով եմ ես: Հրանտն ինձ համար   բացահայտեց իմ ինքնությունը»,- մի առիթով խոստովանել էր Սերգեյ Դովլաթովը:

Պատմում են` երբ առաջին անգամ լսել է Արցախյան շարժամն մասին, ձեռքն անմիջապես բարձրացրել է`  ի նշան  համաձայնության այդ պայքարին ու ցավով նկատել. «Տեր Աստված, որքան քիչ գիտեմ ես Հայստանի մասին»:
Հոր կողմից հրեական, մոր կողմից  հայկական արմատներ ունեցող Սերգեյ Դովլաթովն այսօր Ռուսաստանում ամենակարդացվող հեղինակներից  է, իսկ կյանքի օրոք  ոչ մի գիրք չէր կարողացել հրատարակել ԽՍՀՄ-ում:
Ապրել է Լենինգրադում, Տալլինում, 70-ականների  վերջին արտագաղթել  Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մահացել է 1990 թվականին:
Թաղված է Նյու Յորքի  Քվինս թաղամասի  հրեական գերեզմանատան  հայկական մասում: Վերադառնալով ներկայցմանը, որի առանցքը, ըստ Ալեքսանդր Գրիգորյանի, արտահայտությունն էր, որն ընդգծել են գրեթե բոլոր քննադատները. «Ամերիկան լավ երկիր է, Ռուսաստանը գուցե` նույնպես, բայց մենք այստեղ օտար ենք»։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button