Կարևոր

Վրաստանի աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի Հայ համայնքում արդեն սկսված են Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները. կազմակերպվում են քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական երեկոներ, իսկ ապրիլի 24-ին կանցկացվի բողոքի խաղաղ ցույց Թբիլիսիիում Թուրքիայի դեսպանատան առջև: Իսկ երեկ Վրաստանի աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին:

Հայկական կազմակերպությունները Վրաստանի խորհրդարանին կոչ են անում միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին և Վրաստանի խորհրդարնում կազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Հիշեցնելով, որ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվեցիան վավերացրել է նաև Վրաստանը, հայ համայնքի ներկայցուցիչները հույս են հայտնում, որ ի վերջո Վրաստանը եւս կճանաչի անցյալ դարասզկզբին տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը:

«Քաղաքականությունն է Վրաստանի իշխանություններին թելադրում, որ պետք չէ այս հարցն այսօր բարձրացնել ու քննարկել…»:

Ասում է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, հավելելով որ Թուրքիան այսօր Վրաստանի առևտրա-տնտեսական հիմնական գործընկերն է, և Վրաստանում գնալով աճում է թուրքական ազդեցությունը: Սակայ ն նա, ինչպես և համայնքի մյուս ներկայացուցիչները լավատես են. «Վրաստանը մի օր հաշվի կնստի մեր պահանջների հետ»: Վրաստանի Հայ համայնքն ըստ վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում : «Մոտ օրերս կդիմենք նաև Վրաստանի նախագահին ու վարչապետին»:

Սակայն մինչ այժմ Թբիլիսիում չկա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, չնայած համայնքի կողմից քաղաքային իշխանություններին ուղղված բազմաթիվ խնդրանքներին: Վրաստանի Հայ Համայնքի» վարչության անդամ Ալեքսանդր Օհանյանն ասում է. «Թբիլիսիիում կա հայկական մեծ համայնք և մենք գտնում ենք, որ իրավունք ունենք այս քաղաքում ունենալ նման հուշարձան»:

Քաղաքապետրանն այս հարցով բազմաթիվ դիմումներն անպատասխան է թողել: «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը նպատակարհմար է գտնում այդ հարցով կրկին դիմել հաջորդ տարի, երբ կընտրվի նոր քաղաքապետ:

Ցուցադրել ավելի
Back to top button