ԿարևորՔաղաքական

Ո՞ր ճանապարհով է գնում Հայաստանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը` մինչեւ Եվրասիական միության ձեւավորման համար դրված ժամկետը պիտի կարողանա կողմնորոշվել, թե որ ճանապարհով է գնում եւ ինչ կերպ է ներգրավվելու Եվրասիական միության ձեւավորման գործընթացի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգում վերջերս անցկացված Եվրասիական միության շուրջ բարձր մակարդակի հանդիպմանը: Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ` ըստ էության ձեւավորվում է մի նոր բեւեռ եւ այդ գործընթացը շատ արագ ու դինամիկ է զարգանում:

Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միության թեմայով կազմակերպված բարձր մակարդակով հանդիպմանն անդրադառնալով` Հայկ Բաբուխանյանն ասաց, որ տնտեսական ցուցանիշերի տեմպերով Եվրասիական միությունն արդեն իսկ առաջ է անցնում Եվրոպական միությունից: Ըստ նրա` երբ աշխարհը բավականին անկայուն է դարձել եւ ֆինանսական, եւ տնտեսական, եւ քաղաքական համակարգերի առումով, իսկ ապագան էլ այդ առումներով հստակ չէ, բնականաբար, մեզ համար կարեւոր է դառնում Եվրասիական միության թեման: Միաժամանակ, Բաբուխանյանի խոսքով, պետք է կարողանալ համագործակցել «եւ-եւ» սկզբունքով, ինչպես պաշտոնական դիրքորոշումն է տվյալ հարցում եւ թույլ չտալ, որ որոշ երկրներ մեզ հետ խոսեն վերջնագրերի լեզվով:

Բաբուխանյանի խոսքով` բացի Վրաստանից ԱՊՀ մնացած պետությունները բավականաչափ հետաքրքրություն դրսեւորել են հարցի վերաբերյալ: Նա կարծում է, որ պետք է ընդունել, որ աշխարհն այսօր գնում է նոր բեւեռների ձեւավորման եւ հզորացման: Եվրասիական միության պարագայում, ըստ պատգամավորի, շեշտադրումը թեեւ դրվում է առեւտրատնտեսական համագործակցության վրա եւ, ըստ էության, բարձրացվում է ինտեգրման եւ համագործակցության աստիճանը, սակայն, ակնհայտ է նաեւ, որ այն միաժամանակ ռազմաքաղաքական համագործակցություն է: Անվտանգության ապահովման առումով դա կարեւոր է, քանի որ ՀԱՊԿ-ի գաղափարը նույնպես տեղավորվում է այդ շրջանակում` ասաց Բաբուխանյանը` շեշտելով, որ ինչպես ճիշտ նկատել էր երկրի ղեկավարը` հնարավոր չէ երկրի անվտանգությունը ապահովել մեկ համակարգում, իսկ տնտեսական կամ քաղաքական համագործակցությունը` այլ դաշինքի մեջ:

Բաբուխանյանը չի կիսում արեւմտյան վերլուծաբանների դիտարկումները, թե Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է: Ձեւավորվում է նոր ճարտարապետությամբ բեւեռ, իհարկե, Ռուսաստանի շուրջ, բայց չկա գաղափարախոսությունը, բացի այդ` նոր բեւեռի հզորացման մասին է խոսքը, որին, Հայկ Բաբուխանյանի խոսքով, մոտենում են նաեւ բոլորովին նոր ուժեր: Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շատ ավելի ակտիվ լինի տվյալ ուղղության մեջ, քանի որ կարեւորություն ունի այն առումով, որ, ըստ էության, գտնվում է երկու աշխարհաքաղաքական դաշինքների սահմանագլխին:

Ցուցադրել ավելի
Back to top button